«Հայավտոկայարան» ՓԲԸ-ն չի մասնավորեցվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ներկայացրեց Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը։

Նախագծի ընդունումը բխում է կառավարության ապրիլի 2-ի 2020 թվականի 439 Ա որոշման 4-րդ կետով տրված հանձնարարականի կատարման անհրաժեշտությունից: Նախագծի համաձայն` «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կհանվի մասնավորեցման ծրագրից: 

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայումս հանրապետության տարածքում ներդրվում է միասնական երթուղային ցանց, որի արդյուքնում բոլոր համայնքները կապահովվեն որակյալ, արդյունավետ և հասանելի տրանսպորտային սպասարկմամբ: 

Կներդրվի միասնական տոմսավորման համակարգ և ինտերակտիվ քարտեզ: Կանոնավոր ուղևորափոխադրումների բաղկացուցիչ մաս է կազմում ավտոկայարանային ծառայությունների մատուցումը, որը ՀՀ-ում իրականացնում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն: Ընկերությունն իր գործառույթները իրականացնում է իր կազմում գործող 4 ավտոկայարանների՝ դա Երևանի կենտրոնական և Հյուսիսային, Գյումրիի և Վանաձորի ավտոկայարանների, ինչպես նաև մյուս քաղաքներում տեղակայված 24 ավտոկայանների և  17 երթակարգավորական կետերի միջոցով: Ուղևորափոխադրումների պատշաճ որակ ապահովելու տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել նաւ ավտոկայարանային ծառայությունների որակը Հանրապետության տարածքում գործող բոլոր ավտոկայարաններում և ավտոկայաններում ապահովելով կառավարության 2007 թվականի 1604 Ն որոշմամբ հաստատված ավտոկայարանային գործունեության կարգով սահմանված պահանջները: Ավտոկայարանային համկարգի արդիականացումը պետք է իրականացվի ներդրումային ծրագրերի միջոցով այդ թվում նաև կառավարության օժանդակությամբ»,-նշեց փոխնախարարը: 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել ընկերության ամբողջականությունը, ներառյալ գույքային, և պետական կարգավիճաով գործունեությունը բաժնետոմսերի 100 տոկոս պետական  սեփականությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել