Արտերկրում գտնվող՝ կորոնավիրուսի հետևանքով վերադառնալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուներ ամբողջությամբ կստանան իրենց չվճարված կենսաթոշակը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարել լրացում։

Օրենքի համաձայն՝ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Արդյունքում, գործնականում հնարավոր է մի իրավիճակ, որ արտերկրում գտնվող կենսաթոշակառուները չկարողանան ամբողջությամբ իրականացնել իրենց իրավունքները, քանի որ կորոնավիրուսի հետևանքով չեն կարողանում (կարողացել) նախատեսված ժամկետներում վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և ստանալ իրենց չվճարված կենսաթոշակի գումարը։

Ընդ որում, այս անձանց թիվը գնալով աճում է՝ հաշվի առնելով առկա իրողությունները։

Ներկայացված նախագծով սահմանվում է, որ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է և մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներկայացվում է կենսաթոշակ վճարելը վերսկսելու դիմում, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկությունը ստացվելու ամսվան նախորդող՝ մինչև 2019 թվականի մարտ ամիսն ընկած այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը նշանակվում է իրավունք ձեռք բերելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից տասներկու ամսվա ընթացքում՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը:

Նախագիծն ընդունվելու դեպքում արտերկրում գտնվող՝ կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուները, մինչև 2021 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում, ամբողջությամբ կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակի գումարները։

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է խնդրո առարկա հարաբերությունները կարգավորել նաև անցումային (2020 թվականի մարտի 1-ից հետո՝ մինչև օրենքն ընդունվելն ընկած) ժամանակահատվածի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել