Այսօր կայացված որոշման համար յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը. Տիգրան Եգորյան

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր արդեն ավելի տեսանելի է այն պայքարը, որը մեծ հաշվով շատ բնական է և օրինաչափ, գործընթացները, որոնք ընթանում են տարբեր մակարդակներում, կյանքի բոլոր դրսևորումներում։ Դա եթե կուզեք լույսի և խավարի, բարու և չարի (սա միգուցե փոքրերի համար ավելի ընկալելի), արարման և չարարման, ստեղծման և սպառման, մտքի և անմտության, ռացիոնալի և իռացիոնալի, նեղմտության և լայնախոհության, գաղափարի և ուժի պայքարն է։
Սա, եթե կուզեք, ցանկացած օրգանիզմում ընթացող պրոցես է, նաև՝ իմունային համակարգի և նույն օրգանիզմում բնակվող տարատեսակ բակտերիաների, վիրուսների, սնկերի և ատիպիկ բջիջների դեմ պայքար։ Այս գործընթացը կյանքի հետ համատեղելի և նույնիսկ անբաժանելի է մինչև այն պահը, երբ ատիպիկ բջիջները կձևավորեն հյուսվածք։ Այս կետից շատ ինտենսիվ և համակարգված ձևով կյանքը ճնշվում է։
Այսօր մոտավորապես նույն գործընթացն է հետհեղափոխական շրջանում, իսկ ավելի կոնկրետ` շարունակական հեղափոխության, կյանքի և մահվան, գաղափարի և ուժի միջև շարունակական պայքարում, որի բեկումնային կետերից մեկում հաջողվեց հասնել գաղափարի, ազատամտության և անկախության ընկալումների առավելության, սակայն դա մի պահ էր միայն, և պայքարը չի դադարել ոչ մի մակարդակում և մի վարկյան։
Այսօր այդ պայքարի պայմանական հարթակն Ազգային ժողովում է, մեկ մարմնում, որը պայքարում է իր ներքին ատիպիկ բջիջների դեմ՝ գաղափարը պայքարում է ուժի դեմ, հեղափոխությունը, անկախությունը, ինքնիշխանությունը՝ ամբողջատիրական նկրտումների դեմ։
Սա և թիմային և անհատական պայքար է։ Յուրաքանչյուրը պայքարում է ինքն իր մեջ, ինքն իր հետ, ապաև մյուսների հետ կամ մյուսների դեմ։
Այս կռվում հակառակորդը, որը անպայման չի որ ճանաչելի լինի, միջոցների միջև խտրություն չի դնելու իր նպատակներին հասնելու համար։ Հակառակորդը կարող է լինել քո ընկալմամբ թիմակիցդ կամ ընկերդ կամ դու ինքդ ․․․
Միջոցները նույնն են, ինչ մարդկության ողջ կյանքի ընթացքում գործածվածները՝ սկսած ամենապարզունակ և ստոր դրսևորումներից վերջացրած ամենաբարդ և շատ հիմնավոր և ազնիվ թվացող կամ ներկայացվող մղումներով` պատճառաբանված համոզչական բանաձևերով։
Մարդու ճանապարհը միշտ դժվար է և դրա ավելի կամ պակաս դժվարը, հաղթահարելին կամ անհաղթահարելին, թույլատրելին կամ անթույլատրելին ընդամենը ընկալական է, հիմնական և միակ հարցը մարդու ընտրությունն է։ Հենց ընտրությունն է որ մեր գիտակցության միջոցով կերտում է մեր անհատականությունը, մնացածը պատրանք է և փոշի։ Մարդ կարող է սխալվել, կարող է ուղղել իր սխալը, սակայն այն պահից, երբ նա գնաց ինքն իր և իր էության դեմ, այդ պահից նա այլևս նույնը չէ, ինքը չէ, և ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ խեղվում է։
Ընտրության ազատություն ․․․ սա է այն աստվածային իրավունքը որի հետ մեզ մենակ են թողել, բայց դա է մեր կյանքի բովանդակությունն ու էությունը, մնացածը դրա հետևանքները կամ պատրանքներ են։ Ցավոք նաև մարդկանց շատ փոքր մասն է, որ պատրաստ է կամ կարողանում է գնալ իր ճանապարհով, սակայն այդ փոքր մասն է բոլոր ժամանակներում տվել բոլոր այն հրաշալի բաները, որն ունի մարդկությունն այսօր և կարող է ունենալ վաղը ․․․
Սա Բաբելոնի պատմությանն է նման։ Այն բաղկացած է հաջող շրջաններից, գաղափարակից միասնության, կառուցման և փլուզման շրջաններից։
Ինչպիսին կլինի հեղափոխության «բաբելոնի» պատմության այս կոնկրետ շրջանը մեծ հաշվով որոշվելու է այսօր Ազգային ժողովում յուրաքանչյուրի քվեարկությամբ։
Այսօր կայացված որոշման համար յուրաքանչյուրը կրում է իր պատասխանատվությունը և անձամբ և անհատապես է պատասխանատու և այս կապակցությամբ որևէ պատրանք չի կարող լինել ․․․»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել