Սեպտեմբերին 21 նոր նախակրթարան կբացվի ամբողջ հանրապետությունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ուսումնական տարվա մեկնարկին, այցելել է Արագածոտնի մարզի Գեղարոտ և Գեղադիր համայնքներ՝ մասնակցելու նախակրթարանների բացման արարողությանը:

Նախարար Ա. Հարությունյանը Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և ԿԾԿ ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է նախակրթարաններում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել մանկավարժների ու ծնողների հետ: Նախարարը շնորհավորել է համայնքների բնակիչներին նախակրթարանների բացման կապակցությամբ և նշել, որ առաջիկայում կդիտարկվի աշակերտներին, ծնողներին և դպրոցի աշխատակազմին հուզող հարցերի լուծման հնարավորությունները։ «Նախադպրոցական կրթությունը դպրոցում ուսումնական գործընթացի հաջող մեկնարկի հենասյունն է, և նման ծրագրերի արդյունքում կրթօջախների հիմնումը վաղը գրագետ և կրթված քաղաքացի ունենալու կարևոր նախապայմանն է»,-ասել է նախարարը:

Իրականացված ծրագրի արդյունքում նախակրթարանները նաև կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Գեղադիր համայնքում նորաբաց նախակրթարանի փոքրիկ սաներից մեկը՝ Աննան, մեծ ոգևորությամբ ԿԳՄՍ նախարարին ցույց է տվել իր և ընկերների համար նախատեսված խաղալիքներն ու գունագեղ պահարանները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարզային այցերը շարունակվում են:

Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել