Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով աշխարհի շուրջ 1,5 միլիարդ սովորողներից ընդամենը շուրջ 900 միլիոնն են հնարավորություն ստանալու շարունակել կրթությունը օգոստոսից հոկտեմբեր ժամանակահատվածում։ 900 միլիոնից շուրջ կեսի համար ուսուցումը լինելու է բացառապես հեռավար կամ համակցված, այսինքն՝ ուսումնական հաստատություն վերադարձը հնարավոր է միայն աշխարհում ամեն երրորդ երեխայի համար։
Միջինում աշխարհի տարբեր երկրներում սովորողները առնվազն 60 օր դուրս են մնացել կրթությունից։
Սա կրթության համաշխարհային ճգնաժամ է, որ իր ազդեցությունն է թողնում կրթության որակի, սովորողների զարգացման վրա։ Առաջին հայացքից քիչ տեսանելի, բայց շատ զգալի է կրթության ոլորտի այս խնդիրների ազդեցությունը հանրային և տնտեսական զարգացման տեսանկյունից։
Այս պայմաններում շատ կարևոր է, որ մեր երկիրը կարողանում է վերաբացել կրթության ոլորտը՝ առկա ուսուցման համար։
Եկող շաբաթ դպրոցների, նախնական և միջին մասնագիտական հաստատությունների, արտադպրոցական, արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցների վերաբացմանն ընդառաջ ավելի քան կարևոր է հակահամաճարակային կանոնների պահպանումը կրթության համակարգում յուրաքանչյուրիս կողմից, որոնք պետք է թույլ տան ապահովել կրթության շարունակականությունը և օր առաջ վերադառնալ բնականոն հուն։