Կին պատգամավորները նախագիծ են ներկայացրել՝ կարգավորելու ռեստորաններից, սրճարաններից և այլ վայրերից եկող աղմուկի խնդիրը

Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Արուսյան Ջուլհակյանը և Գայանե Աբրահամյանը նախագիծ են մշակել, որով նախատեսվում է կարգավորել քաղաքային միջավայրում արհեստական աղմուկի սահմանափակման խնդիրը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․

«Քաղաքային միջավայրում արհեստական աղմուկի սահմանափակումը կարևոր նշանակություն ունի բնակչության առողջության, հանգստի իրավուքնի իրացման, ինչպես նաև քաղաքային ներդաշնակ միջավայրն ապահովելու համար։ Այս առումով կարևոր է հատկապես բնակելի շենքերում կամ դրանց հարևանությամբ գործող ռեստորանների, սրճարանների և այլ օբյեկտների աղմուկի, ինչպես նաև շինարարական աղմուկի ժամային սահմանափակումը։ Նույնը վերաբերում է նաև փողոցում երգող կամ նվագող երաժիշտներին, որոնք հաճախ կենտրոնացված են նույն վայրում, օրինակ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայում): Հատկապես քաղաքային համայնքների զարգացմանը զուգընթաց քաղաքներում աղմուկի մակարդակն աճում է, մինչդեռ գործող օրենսդրությունը բավարար չէ խնդիրն արդյունավետորեն կարգավորելու համար»:

Օրենսդրական փաթեթի շրջանակներում նախատեսվում է փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածում, ըստ որի՝ համայնքի ավագանին կլիազորվի սահմանել առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում, ինչպես նաեւ կառուցապատման օբյեկտներում, առեւտրի, ծառայությունների եւ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ դրանց գտնվելու վայրերի և գործունեության տեսակի առանձնահատկությունների, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը և ժամերը։

Ավագանին կսահմանի նաև համայնքի վարչական սահմաններում բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը եւ այլ պայմանները:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների և լրացման արդյունքում Երևանի ավագանին կլիազորվի սահմանել Երեւան քաղաքում առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի եւ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում, ինչպես նաեւ կառուցապատման օբյեկտներում, առեւտրի, ծառայությունների եւ քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ դրանց գտնվելու վայրերի եւ գործունեության տեսակի առանձնահատկությունների, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը եւ ժամերը, ինչպես նաև՝ սահմանել Երեւան քաղաքի վարչական սահմաններում բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը եւ այլ պայմանները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածում (Լռությունը խախտելը) նախատեսվում է փոփոխություն կատարել, ըստ որի․

– առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ինչպես նաև քաղաքաշինության բնագավառում կառուցապատողների կողմից, ըստ տվյալ առևտրի, ծառայության կամ կառուցապատման օբյեկտի գտնվելու վայրի և գործունեության տեսակի առանձնահատկությունների, համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին և ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը` առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև 200.000 դրամի չափով (ներկայումս նախատեսված է 200․000-300․000 դրամի չափով)

– Բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ եւ այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, համայնքի ավագանու կողմից սահմանված օրերին եւ ժամերին լռությունը կամ գիշերային անդորրը կամ այլ պայմանները չապահովելը առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև 50.000 դրամի չափով:

Իսկ վերջին կետով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` կառաջացնի տուգանքի նշանակում` 100․000 դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել