Սեպտեմբերի 11-ին դադարեցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմը և ուժի մեջ է մտել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին ՀՀ կառավարության 1514-Ն որոշումը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվելու է կարանտին և կիրառվելու են ստորև ներկայացվող սահմանափակումները։
Ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ.
✅Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտանիքի անդամների և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց,
✅դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամների,
✅հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով մուտք գործող անձանց, եթե նրանք հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականը (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր),
✅միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարների (այդ թվում` նրանք, ովքեր բեռնատար ավտոմեքենաների, գնացքների շարժակազմերի բեռնաթափումից հետո լքում են ՀՀ տարածքը),
✅այն առանձնահատուկ դեպքերի, երբ սահմանապահ զորքերի հրամանատարը, հաշվի առնելով մուտքի հրատապությունը և անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրավիճակը, թույլատրում է անձանց Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը:
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս անձինք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ենթարկվում են անհապաղ բժշկական զննության վարակի առկայության կամ վարակի ախտանշանների բացահայտման նպատակով։ Զննության արդյունքներով անձի նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում, եթե առկա են համապատասխան ախտանշաններ, կամ անձին տրվում է 14-օրյա ժամկետով ինքնամեկուսանալու հրահանգ, որի ընթացքում նա կարող է անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն (ՊՇՌ): ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2020թ․ օգոստոսի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման համաձայն թույլատրվում է օտարեկրացիների համար մուտքը Հայաստան օդային ճանապարհով։
Մանրամասները՝ այստեղ