Պատգամավորը առաջարկում է սահմանել տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը շրջանառության մեջ է դրել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նոր նախագիծ, որով առաջարկվում է սահմանել տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափ։

Նախագծի ընդունման դեպքում՝ բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտների համար տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը չի կարող գերազանցել կրեդիտավորման պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

Առավելագույն շեմը գերազանցող տարեկան փաստացի տոկոսադրույք նախատեսվելու դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի չափ կհամարվի նշված համապատասխան առավելագույն չափը:

Պատգամավորը հիմնավորման մեջ նշել է․ «Գործող օրենսդրությամբ տրամադրված վարկի դիմաց վճարման ենթակա տոկոսագումարը սահմանափակված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով: Ավելին, նշված գումարը գերազանցելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի, կարող է դիտվել որպես հանցագործություն` վաշխառություն: Օրենսդրի նման մոտեցումն ուղղված է սպառողների` վարկառուների, շահերի պաշտպանությանը, որպեսզի վերջիններս ծանր պայմաններից դրդված ստիպված չլինեն ստանձնել անհամաչափ տոկոսներ վճարելու պարտականություն, քանի որ դա վերջիններիս կարող է գցել ծանր ֆինանսական դրության մեջ: Միաժամանակ փորձ է կատարվել կանխել բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից գերշահույթ ստանալու հնարավորությունը:

Սակայն փաստացի բանկերը եւ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն սահմանել տարբեր տեսակի եւ չափի սպասարկման եւ այլ վճարներ, որոնք վճարելուց հետո կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ տարեկան փաստացի տոկոսադրույքը գերազանցի ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Գործող կարգավորումների պայմաններում, երբ տարեկան փաստացի տոկոսադրույքը որեւէ կերպ սահմանափակված չէ բոլոր բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող գրեթե բոլոր վարկատեսակներով ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցվում է եւ վարկառուները ստիպված են անհամաչափ մեծ գումար վճարել ստացված վարկի դիմաց, ինչն էլ իր հերթին բացասաբար է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա` բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար ապահովելով գերշահույթ:

Հաշվի առնելով երկրում առկա տնտեսական ծանր պայմանները, նաեւ համավարակով պայմանավորված գործազրկությունը, արդեն իսկ տրամադրված վարկերի ծավալը եւ դրանց կարիքը ունեցող քաղաքացիների թիվը, ակնհայտ է դառնում, որ պետության կողմից պետք է հրատապ քայլեր ձեռնարկվեն` ոլորտում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ: Ուստի այս օրենսդրական նախաձեռնությունն էլ ուղղված է այդ խնդիրներից մեկի կարգավորմանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել