Ի՞նչ է նախատեսվում 27 տարին լրացած, պարտադիր զինծառայություն չանցած, հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների համար․ մանրամասներ

Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Անդրանիկ Քոչարյանը և Արման Բաբաջանյանը օրենսդրական նախագիծ են ներկայացրել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած, 27 տարին լրացած և հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների համար։

Նախատեսվում է փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենի 5-րդ հոդվածում, որով սահմանվում են զինվորական ծառայության տեսակները և ժամկետները։

Հոդվածի 3-րդ մասում լրացում կկատարվի, ըստ որի․

Պարտադիր զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության իրականացման հիմնական ձևն է։ Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո երեք տարվա ընթացքում երկու տարով պայմանագրային զինվորական ծառայություն անցած քաղաքացիների։

5-րդ հոդվածի 4-րդ մասում, որը պարտադիր զինվորական ծառայության ժամկետնրի մասին է, նոր՝ 4-րդ կետ կավելանա․

1) շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար՝ 3 տարի.

2) պահեստազորի սպայական կազմի համար` 24 ամիս.

3) պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը:

4) Օրենքի խախտմամբ զորակոչին չներկայացած շարքային կազմի եւ պահեստազորի սպայական կազմի համար սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված ժամկետը երկարաձգվում է մեկ ամսով` յուրաքանչյուր չզորակոչված (խուսափած) զորակոչի համար:

Օրենքի 30-րդ հոդվածումի 2-րդ մասում, որով սահմանվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը, և թե որ քաղաքացին չի կարող ընդունվել պայմանագրային զինծառայության, փոփոխություն կարվի, ըստ որի․

1) որն օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում ներկայացրած քաղաքացիների

2) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ որն ունի չհանված կամ չմարված դատվածություն.

3) որն առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, որով սահմանվում է առաջին պայմանագրի կնքումը, կավելանա նոր՝ 7-րդ կետ,

– սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված քաղաքացիների հետ: Պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու համար սույն կետում նշված քաղաքացիների կողմից վճարած պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի եւ հավելավճարների չափով գումարը ենթակա է վերադարձման կառավարության որոշմամբ սահմանված կարգով։

3-րդ մասը, որով սահմանվում է առաջին պայմանագրի ժամկետը, նոր՝ 6-րդ կետով կավելանա, ըստ որի, վերոնշյալ քաղաքացիների համար կսահմանվի 2 տարի ժամկետ։

——

Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում նաև Քրեական օրենսգրքում։ Օրենսգրքի 327-րդ հոդվածը, որով սահմանվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար նախատեսված պատիժը, նոր կետ կունենա, փոփոխություն կլինի նաև պատժի տարիների հետ կապված․ ըստ որի՝

1. Ներկայումս – Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նախատեսվում է – Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից կամ անցկացվող վարժական հավաքից խուսափելը` այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից կամ վարժական հավաքից ազատվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում` պատժվում է կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 6 տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով,

2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝ պատժվում է կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով:

Նախատեսվում է՝ 3-7 տարի։

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում` պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով:

Նոր՝ 4-րդ կետը․ Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափած քսանյոթ (պահեստազորի սպաները` երեսունհինգ) տարին չլրացած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, իսկ քսանյոթ (պահեստազորի սպաները` երեսունհինգ) տարին լրացած անձը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է  շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի եւ հավելավճարների չափով գումարը:

Վարժական հավաքից խուսափած անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է սահմանված գումարը:

——

«Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածում ևս փոփոխություն կկատարվի, ըստ որի

1. Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո երեք տարվա ընթացքում երկու տարով պայմանագրային զինվորական ծառայություն անցած քաղաքացիների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել