Կառավարությունը որոշումն ընունեց․ ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների ժամկետներում ու գանձվող պետական տուրքի չափերում փոփոխություններ կատարվեցին

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտը կհամապատասխանեցվի այն գործիքակազմին, որը ներդրվել և կիրառվում է արդեն 2014 թվականին: Սահմանվել է ՔԿԱԳ ոլորտի ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակը, որի շրջանակներում կխնայվի դիմողների ժամանակը և տեղաշարժի հետ կապված ծախսերը:

Այս մասին որոշում կառավարությունն ընդունեց սեպտեմբերի 10-ի նիստին։ Հարցը գործադիրի անդամներին ներկայացրես Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում հեղափոխական բարեփոխում ենք իրականացնում։ Կառավարության կողմից այսօր հաստատված փաթեթով կապահովենք Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցնենք վարչարարությունը, կկրճատենք ժամկետները, կբարձրացնենք մատուցվող ծառայությունների որակն ու կնվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը։

Օրենքների ընդունման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը․

Կհանենք ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար պետական տուրքերը։

Կկրճատվի ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրաման համար ժամկետը 7 օրից՝ տեղում:

Կսահմանենք ամուսնության գրանցումների ժամկետներ․ ներկայում գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս, սահմանել ենք դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ իր նախընտրած օրը։

Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի կողմից միասնական ընթացակարգով, այդ թվում՝ էլեկտրոնային ձևաչափով, ընդ որում՝ ներկա 2 կամ 3 օրվա փոխարեն 1 օրում:

Կկրճատվեն անվան փոխման գրանցման ժամկետները․ մինչև 5 ամսից դարձրել ենք 15 օր։

Կկրճատենք ուղղում, փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս ժամկետը մինչև 15 աշխատանքային օր:

Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատենք մինչև 3 օր։

Կսահմանենք քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ՝ front և back office ձևաչափով: Այսինքն, դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող և որոշում կայացնողների շփումները:

Կսահմանվի էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգ, որի արդյունքում․
ՔԿԱԳ ծառայությունների մատուցումը կիրականացնենք նաև օնլայն հարթակի միջոցով։
Կընդլայնենք պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունները։

Առևտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը կկրճատվի ու կսահմանվի 1 աշխատանքային օր (սրա արդյունքում Հայաստանը Doing Business զեկույցի «Բիզնես սկսելը» ցուցիչով 10-րդ հորիզոնականից կարող է տեղափոխվել 2-րդ հորիզոնական, իսկ եթե օնլայն գրանցումները մեծամասնություն կազմեն՝ անգամ 1-ին տեղ):

Լիազորված անձի միջոցով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու հնարավորություն կընձեռենք:

Առաջին անգամ հնարավորություն կտանք ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ընդունել ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների դիմումներ Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար, ինչը կարող է նպաստել ներդրումների ներգրավման գործընթացին»,-նշում է նա։

Հավելենք, որ որոշ փոփոխություններ են կատարվել նաև ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի չափերում․

  • հստակեցվել են այն գործառույթները որի համար կարող է գանձվել պետական տուրք.
  • հանվել է ամուսնության պետական գրանցման համար նախատեսված տուրքը
  • հանվել է քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքներ տրամադրելու համար տուրքերը
  • բարձրացվել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար՝ 200.000 դրամի չափով, նախկին 30.000 դրամի փոխարեն
  • քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ` վկայականներ տալու պետական տուրք է սահմանվել՝ 5.000 դրամը` նախկին 3.000 դրամի փոխարեն.
  • բարձրացվել է ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման տուրքը՝ այն սահմանելով 10.000 դրամ` նախկին 1.000 դրամի փոխարեն.
  • բարձրացվել է ապոստիլի համար գանձվող տուրքը՝ այն սահմանելով 10.000 դրամ` նախկին 5.000 դրամի փոխարեն.
  • բարձացվել է հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրքը այն սահմանելով 10.000 դրամ` նախկին 1.000 դրամի փոխարեն
  • միաժամանակ հայրության որոշման պետական գրանցման տուրքի գծով արտոնություն է սահմանվել ծնողների համար, ովքեր նույն օրը գրանցում են նաև ամուսնությունը.
  • պետական տուրքի գծով արտոնություն են ստացել կենսաթոշակառուները:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել