Հյուրանոցային օբյեկտներում մի շարք վարակների տարածման ամենահավանական հատվածներից են լողավազաններն ու բաղնիքները։ Այս մասին հայտնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
Ամառային հանգստի շրջանում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տնտեսվարողներին հորդորում է պահպանել սանիտարական և համաճարակաբանական նորմերը, մասնավորապես, լողավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությունը։
- Ավազանի ջուրը պարտադիր պետք է վարակազերծված լինի,
- Մեծահասակների լողավազանում ջրի ջերմաստիճանը 24-26 աստիճան C պետք է լինի, երեխաների ավազանում՝ 30,
- Մեծահասակների լողավազաններում 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը 5,0-8,0 քմ է, երեխաներինը՝ 4,0- 5,0 քմ,
- Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ,
- Լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու,
- Լողավազանում (բաղնիքում) պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն,
- Լողավազանի բուժշխատողը պարտադիր ամեն օր արտաքին զննություն պետք է իրականացնի՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար։
- Լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պարբերաբար պետք է հետազոտվեն էնտերոբիոզի նկատմամբ,
- Լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ։
Համավարակի շրջանում հյուրանոցային տնտեսությունների համար պարետի որոշմամբ սահմանվել են անվտանգության առանձին կանոններ, որոնց նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ԱԱՏՄ-ն։ Այս առումով հերթական անգամ հորդորում ենք խստագույն պահպանել այդ կանոնները, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։