2020թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 04.15-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արտաշատ քաղաքի 39-ամյա բնակիչը:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նույն օրը՝ ժամը 06:50-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ հիվանդանոցում 39-ամյա բնակիչը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 39-ամյա բնակչին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը պատճառել է 36-ամյա համաքաղաքացին:
Քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերվել է և առգրավվել:
Արտաշատ քաղաքի 36-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 39-ամյա համաքաղաքացու սպանության կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: