24-ամյա երիտասարդը՝ ոչ սթափ վիճակում, մահվան ելքով վրաերթ է կատարել և լքել դեպքի վայրը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի  քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով  պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը գտնվելով ոչ սթափ վիճակում 2020թ. սեպտեմբերի 5-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնանասում, իր «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայով թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների  67-րդ կետի պահանջին հակասող գործողություններ՝ երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, երթևեկության անվտանգությունն ապահովելու և վրաերթը կանխելու նպատակով,  ժամանակին չի դիմել արգելակման, որի պատճառով վրաերթի է ենթարկել 73-ամյա հետիոտնին՝ անզգուշությամբ պատճառել մահ: «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը,  թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասով և 244-րդ հոդվածով (  Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել