Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման գործընթացում անհամապատասխանությունների դեպքում տուժանքներ են նախատեսվում բանկի, վարկային կազմակերպության, կրեդիտավորողի և այլոց համար 

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկացրել, մի շարք օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքներում ուժը կորցրած ճանաչել դրույթները, որոնք վերաբերում են ֆինանսական կազմակերպությունների կողմից գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ խախտման փաստը հաստատվելու դեպքերում վերջիններիս տուժանքի ենթարկելու կարգավորումներին։

Նախատեսվում է նաև, որ «Բանկային ավանդների ներգրավման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին»  և «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքների համապատասխան հոդվածներում «իրավունքներ» բառը լրացնել «սույն օրենքով նախատեսված իրավունքներ» բառերով, որի արդյունքում կհստակեցվի այն իրավունքների շրջանակը, որոնց չապահովման համար կազմակերպությունը կենթարկվի իրավական որոշակիությունից բխող տուժանքի։  Առաջարկվող նախագծերի ընդունման պարագայում կապահովվի բանկի, վարկային կազմակերպության, կրեդիտավորողի և այլոց համար նախատեսվող տուժանքի օրենքով հստակ սահմանված չափորոշիչներից բխելու և թույլ տված խախտմանը համաչափ լինելու հանգամանքը, ինչպես նաև կնպաստ դատարանների անհարկի ծանրաբեռնվածության նվազմանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում 2019 թվականի հունիսի 19-ի թիվ 93-Ն փոփոխությամբ սահմանվեց, որ ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց սպառողների իրավունքների խախտում թույլ տալու դեպքում, կրեդիտավորողը սպառողին վճարում է փոխհատուցում, բացառությամբ այն դեպքերի, երբ կրեդիտավորողը ձեռնարկել է սպառողի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները և փաստացի վերացրել է սպառողի իրավունքի խախտումը, և սպառողի իրավունքի խախտման հետևանքով սպառողը փաստացի չի կրել նյութական վնաս, իսկ վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը:

Խնդիրը կայանում է նրանում, որ «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքներում խոսք է գնում գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ ֆինանսական կազմակերպությունների կողմից խախտման փաստը հաստատվելու դեպքերի մասին։

 Գործարար վարվելակերպի կանոնները սահմանված են ֆինանսական կազմակերպություններից յուրաքանչյուրի կողմից, ընդ որում՝ պրակտիկայում տրված մեկնաբանության համաձայն օրինակ էական չէ ներքին իրավական ակտի անունը,

եթե այդ ակտում ներառվում է, որևէ դրույթ, որը կարող է մոտ լինել գործարար վարվելակերպի կանոնների օրենքով տրվող լայն հասկացությանը, ապա այն կհամարվի գործարար վարվելակերպի կանոն և դրա խախտումը կարող է հանգեցնել օրենքով նախատեսված տուգանքի: Կենտրոնական բանկի խորհուրդը իր 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ  229-Ն որոշմամբ հաստատել է «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» համաձայն 8/05 կանոնակարգի։ Կենտրոնական բանկը այդ իրավական ակտով սահմանել է այն նվազագույն կանոնները, որոնք ֆինանսական կազմակերպությունները պետք է ընդունեն որպես ներքին իրավական ակտ, օրինակ՝ սահմանել է ընկերությունների և հաճախորդների հաղորդակցման ընդհանուր սկզբունքները, նախքան պայմանագրի կնքումը ընկերությունների կողմից ձեռնարկվող նվազագույն միջոցները, հաճախորդի հետ կնքվող պայմանգրի ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև պայմանագրի գործողության ընթացքում ընկերության և հաճախորդի հաղորդակցման կանոնները։ Կանոնակարգի 27-րդ կետի համաձայն՝ ընկերության գործունեության պայմանները կազմվում են առանձին փաստաթղթի ձևով և (կամ) ներառվում են ընկերության կողմից հաճախորդին տրամադրվող փաստաթղթում։

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել