Հայտնի են Արդարադատության նախարարության կողմից ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի Կյանքի իրավունքի և Խոշտանգումների արգելքի ոլորտներում իրականացված աշխատանքների ընթացիկ արդյունքները

«Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ներքո ընթանում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները։ Իրավաբանների հայկական ասոցիացիան նախատեսում է հանրության ուշադրությանը ներկայացնել մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ յուրաքանչյուր շաբաթ անդրադառնալով Գործողությունների ծրագրի կոնկրետ ոլորտների։ Նախորդ նյութերով արդեն իսկ հանրության ուշադրությանն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Այս շաբաթ կանդրադառնանք ՀՀ արդարադատության նախարարության կողմից գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքներին՝ ներկայացնելով կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի ոլորտումներում իրականացված աշխատանքները։

Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային Ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների Ծրագրով 2020-2022թթ. պարբերաբար կատարման ենթակա միջոցառումների թվում են քննիչների (թիրախային ցուցանիշ՝ քննիչների 8%-ը), դատախազների (թիրախային ցուցանիշ՝ դատախազների 4%-ը), դատավորների (թիրախային ցուցանիշ՝ դատավորների 41%-ը) և քրեակատարողական ծառայողների (թիրախային ցուցանիշ՝ քրեակատարողական ծառայողների 25%) վերապատրաստումները՝ կյանքի իրավունքի թեմայով։ Վերապատրաստման թեմաները այս կամ այն ձևաչափով ներառվել են ՀՀ արդարադատության ակադեմիայի վերապատրաստման ուսուցման 2020 թվականի ծրագրում, սակայն COVID-19  համավարակով պայմանավորված վերապատրաստումներ չեն իրականացվել 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում: Նմանապես վերապատրաստումներ չեն իրականացվել նաև ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության թեմաներով վերոնշյալ թիրախային խմբերի շրջանում։

Խոշտանգումների արգելքի ոլորտում 2020-2022թթ. պարբերաբար կատարման ենթակա միջոցառումների թվում են քննիչների (թիրախային ցուցանիշ՝ քննիչների 51%-ը), դատախազների (թիրախային ցուցանիշ՝ դատախազների 7%-ը), դատավորների (թիրախային ցուցանիշ՝ դատավորների 41%-ը), քրեակատարողական ծառայողների (թիրախային ցուցանիշ՝ քրեակատարողական ծառայողների 25%-ը) և ՔՀԿ-ներում աշխատող բժշկական անձնակազմի (թիրախային ցուցանիշ՝ ՔՀԿ-ներում աշխատող բժշկական անձնակազմի 25%-ը) վերապատրաստումները խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի թեմայով` միջազգային չափանիշներին համապատասխան։ Այս գործողությունների շրջանակում ՀՀ արդարադատության ակադեմիայի վերապատրաստման ուսուցման 2020 թվականի ծրագրերում ընդգրկվել է «Քրեական գործերով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների կիրառման արդի հարցեր» դասընթացը, որի ծրագրում որպես առանձին թեմա նախատեսվել է քրեական իրավունքի և դատավարության ոլորտում խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի արգելքի, ռասիզմի և խտրականության արգելքի պաշտպանությանն առնչվող ՄԻԵԴ արդի նախադեպային իրավունքի վերաբերյալ թեմաները, ինչպես նաև ՀՀ նկատմամբ դրա կիրառման հիմնահարցերը։ 2020 թվականի 1-ին կիսամյակին  վերապատրաստվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության 5 քննիչ։ Մյուս թիրախային խմբերի շրջանում COVID-19 համավարակով պայմանավորված վերապատրաստումներ դեռևս չեն իրականացվել։

Վերոնշյալ և այլ ոլորտների վերաբերյալ մշտադիտարկան առավել մանրամասն արդյունքները կներկայացվեն մոնիթորինգային զեկույցում, որը կպատրաստվի հետազոտության դաշտային աշխատանքների ավարտից հետո։ Իրավասու մարմիններին կներկայացվի նաև առաջարկությունների փաթեթ` նպատակ ունենալով բարելավել Ազգային ռազմավարության իրականացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում ընդհանուր առմամբ:

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել