Ապօրինի ծառահատումների դեմ պայքարում են ոչ միայն անտառամերձ բնակավայրերի ոստիկանները: Արդյունավետ հակազդման համար հարկավոր է վերահսկել փայտից պատրաստի արտադրանք ստանալու ողջ շղթան: Հանրապետության բոլոր տարածքներում էլ կան փայտամշակման արտադրամասեր, որտեղ կարող է օգտագործվել ապօրինի ձեռք բերված փայտանյութ: Ոստիկանության Վաղարշապատի ոստիկանները ստացել էին հենց նման բնույթի տվյալներ, որոնք իրացվեցին սեպտեմբերի 4-ին` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ենթակա մյուս բաժինների հետ համատեղ:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Իրավապահներն այցելեցին Արմավիրի մարզի Բաղրամյան, Առատաշեն, Արտիմետ և Փարաքար գյուղերում գործող վեց արտադրամաս: Ստուգումների արդյունքում հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 195 խորանարդ մետր տախտակներ, որոնց ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել:
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: