Վիրավորանքի համար՝ 5 միլիոն, զրպարտության համար՝ 10 միլիոն դրամի տուգանք․ Ալեն Սիմոնյանը առաջարկ է ներկայացրել

Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կառավարությանը ներկայացրել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ զրպարտության և վիրավորանքի համար տույժերը և տուգանքները կմեծանան:

Այս մասին Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պատգամավորը։

Ըստ Ալեն Սիմոնյանի առաջարկի, նախկինում վիրավորանքի համար նախատեսված 1 միլիոն դրամ տուգանքը կդառնա 5 միլիոն դրամ, իսկ զրպարտության համար նախատեսված տուգանքը 2 միլիոնից կդառնա մինչև 10 միլիոն դրամ: Նրա խոսքով,  Կառավարությունն էլ առաջարկել է տուգանքը դարձնել համապատասխանաբար 2 մլն և 3 մլն դրամ:

«Ես՝ որպես մարդ, որը այս պահին ունի 6 դատական հայց՝ զրպարտության և վիրավորանքի հետ կապված, վստահեցնում եմ՝ նախագիծը կզսպի մարդկանց՝ ստահոդ տեղեկություններ տարածելու, վիրավորելու գայթակղությունը, ինչպես նաև ինչ-որ չափով քաղաքացիներին կազատի այդ աղբից, որն այսօր լցված է համացանցում: Կարծում եմ՝ այս քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով նաև ուշացած»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ այս չափ տուգանքները շատերին կզսպեն, հատկապես այն օգտատերերին, որոնք վիրավորական գրառումներ են կատարում համացանցում:

«Ունենալու ենք իրավիճակ, երբ օգտատերը կամ որևէ քաղաքացի որևէ հայտնի մարդու հետ կապված վիրավորանք կամ զրպարտություն հնչեցնելուց 2-3 անգամ ավելի շատ կմտածի: Դա վերաբերում է նաև մեզ՝ քաղաքական գործիչներիս: Ես իմ գործընկերոջն ինչ-որ բանում մեղադրելուց առաջ նույնպես պետք է զգույշ լինեմ, որովհետև կարող է պատասխանատվություն վրա հասնել»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել