ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով գումարներ հափշտակելու դեպքերի բոլոր հանգամանքները:
Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեից:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին է ստացվել մի շարք քրեական գործեր՝ նշված տուրիստական գործակալության կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ, որոնք միացվել են մեկ վարույթում։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (hասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: