ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները՝ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորությամբ, այցելել են Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Գնդապետ Ավետիսյանը հետաքրքրվել է ընտանիքի սոցիալ-տնտեսական, առողջական վիճակով և հավաստիացրել, որ Պաշտպանության նախարարության իրավասությունների շրջանակում կարվի հնարավոր ամեն ինչ խնդիրներին լուծում տալու համար:
ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ վարչության պետը սպայի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Գուրգեն Ալավերդյանի` Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվելու հանգամանքները պարզելու, ինչպես նաև նրա կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ: