Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։
Օրակարգի համաձայն, Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արթուր Ղամբարյանը հանդես է եկել իր հեղինակած «Դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակ» վերտառությամբ հայեցակարգային զեկույցով։
Նիստին մասնակցում էր նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Սահմանադրական մասնագիտական հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը, որը ներկայացրել է ԻՀԱ-ի առաջարկները «Դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակ» զեկույցի վերաբերյալ:
Առաջարկները վերաբերում էին.
1. ՀՀ դատախազությանը ՀՀ սահմանադրությամբ քննչական գործողությունների կատարման գործառույթ վերապահելուն,
2. ՀՀ պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման մասով «բացառիկ դեպքերում» եզրույթին,
3. ՀՀ գլխավոր դատախազի ընտրության կարգին և ժամկետներին
4. ՀՀ գլխավոր դատախազին անձեռնմխելիությամբ օժտելու կամ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու բարդեցված ընթացակարգի նախատեսմանը,
5. ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցման հիմքերի սահմանադրական կարգավորմանը,
6. քրեական հետապնդման հարուցելը (անձին որպես մեղադրյալ ներգրավելը), գործը դատարան ուղարկելը, քրեական հետապնդումը դադարեցնելը, որպես դատախազության բացառիկ գործառույթի սահմանադրական կարգավորմանը,
7. հակակոռուպցիոն քննչական մարմնին,
8. հակակոռուպցիոն դատախազությանը:
Նիստի կազմակերպչական հարցերի քննարկման հատվածում Կարեն Զադոյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովին է ուղարկել Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագիտական խմբի կողմից մշակած Սահմանադրական հակակոռուպցիոն մարմնի/մարմինների և անմիջական ժողովրդավարության հայեցակարգերը, ինչպես նաև Կարեն Զադոյանի, Արսեն Թավադյանի և Լևոն Գևորգյանի կողմից ներկայացված կառավարման ձևի ընտրության հայեցակարգային դրույթները: ԻՀԱ նախագահն առաջարկել է վերոնշյալ հայեցակարգերը ու հայեցակարգային դրույթների քննարկումը ներառել Հանձնաժողովի առաջիկա նիստերի օրակարգերում: