ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցավով և խոր մտահոգությամբ տեղեկացա, որ տասնմեկ մեր հայրենակիցներ օղու թունավորմամբ մահացել են:
Նախ ցավակցություն եմ հայտնում մահացածների հարազատներին, բարեկամներին և ընկերներին:
Նաև տեղեկացա, որ այդ օղուց վաճառվել է ևս 180 շիշ:
Սա խայտառակ երևույթ է:
Այն անձնավորությունը, որ վաճառել է մահաբեր օղին, դա գաղտնի չի արել և տարիներով է զբաղվել այդ գործով:
Հիմա այդ մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա: Այստեղ անելիք չունե՞ն սննդի անվտանգության ծառայությունը, համայնքապետարանը, այլ պետական կառույցներ:
Կրկնում եմ, խոսքը գնում է մեր տասնմեկ քաղաքացիների մահվան մասին:
Մի՞թե մարդը մեր երկրում այդքան անպաշտպան է, և եթե դա այդպես է, ի՞նչ է դա նշանակում:
Արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս վիճակը:
Սա պետական և համայնքային կառավարման և վերահսկողության տոտալ բարձիթողի վիճակի մասին է խոսում:
Շատ արագ պետք է շտկել այս իրավիճակը:
Ցավոք, գրեթե միշտ այսպիսի տխուր հետևանքները մնում են մահացածների և կամ տուժածների ընտանիքների և հարազատների ուսերին:
Շատ արագ պետք է հաղթահարենք այս անտարբերությունը»: