Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին նոր որոշում է ստորագրել, որով Սրբուհի Գալյանը ազատվել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սրբուհի Գալյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»:
Գլխավոր դատախազությունից ավելի վաղ հայտնել էին, որ 2020 թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ին տեղի են ունեցել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 3 դիմորդներից 1-ն է մասնակցել մրցույթին (մյուս հայտատուները չէին ներկայացել)։ Իրավաբան․net-ի տեղեկությամբ՝ այդ թեկնածուն Սրբուհի Գալյանն է, որը առաջիկայում կնշանակվի Գլխավոր դատախազի տեղակալ։
Հիշեցնենք, որ Սրբուհի Գալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ էր նշանակվել արդարադատության նախարարի տեղակալ:
Գալյանը համակարգում էր Նախարարության աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝
ա) քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,
բ) պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և մեթոդական ղեկավարման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,
գ) անձնական տվյալների պաշտպանության ոլորտի քաղաքականության մշակման, Նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեության համակարգման,
դ) կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի քաղաքականության և ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,
ե) ներման խնդրագրերի քննարկման գործընթացի ապահովման,
զ) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովման,
է) բաց կառավարման գործընկերության ոլորտում աշխատանքների իրականացման ապահովման: