Կարծում եմ շուտով ականատես կլինեք հերքումների․ ֆուտբոլիստ Մալաքյան եղբայրների պաշտպանի պարզաբանումը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ եղբայրները՝ Գոռ և Էդգար Մալաքյանների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկվանից ամբողջ համացանցը հեղեղված է տեղեկատվությամբ, թե իբր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կատարել են խուլիգանություն ու ծեծի են ենթարկել ոստիկանների:

Վստահ եմ, որ եթե տվյալ տեղեկատվությունը տարածողները մի պահ մտածեին, թե ինչպես են խախտում Մալաքյանների անմեղության կանխավարկածը կամ իրենց գործողություններով` թերի և միակողմանի դեպքը ներկայացնելով ինչպիսի մեծ հարված են հասցնում Հայաստանի ազգային հավաքականին և առհասարակ հայկակակ ֆուտբոլին` կանգ կառնեին։

Որպես ֆուտբոլիստների պաշտպան, փաստում եմ, որ տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, ուռճացված և թերի: Իրականում, եթե նույնիսկ հավատանք ոստիկանների` քրեական գործի շրջանակներում պնդումներին, դեպքը եղել է լրիվ այլ կերպ, սակայն հանրությանն է մատուցվում լրիվ այլ կերպ:

Կարծում եմ շուտով ականատես կլինեք հերքումների հենց տեղեկատվությունը տարածած պաշտոնական աղբյուրների կողմից:
Հ.Գ. Զորակցության խոսքերի համար Մալաքյաններն իրենց շնորհակալությունն են հայտնում իրենց խաղի և ազգային հավաքականի հազարավոր երկրպագուներին, հարյուրավոր խաղընկերներին, մարզիչներին…»։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ

2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի:

Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ  բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից  մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել,պարզվել է նրանց ինքնությունը. վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ. ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել