Կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Ս. Մ.-ն: Վերջինսկասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման մեջ, որ, 25.07.2019 թվականից մինչև 03.03.2020 թվականը զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և ՔԿՀ աշխատակիցներին դրդել պաշտոնեական կեղծիք կատարելուն:
Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քնչական ծառայությունից:
Մասնավորապես՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2020 թվականի փետրվարի 24-ին Ս. Մ.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի` տվյալ օրվա հերթափոխային ծառայությունում ընդգրկված, հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Հ. Ա.-ին հանձնարարել է Վահագն Աբգարյանին վերջինիս խցից ուղեկցել նույն ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքում գտնվող ընդունելությունների համար նախատեսված սենյակ՝ հիմնարկի դատապարտյալների հետ զրուցելու համար: Վահագն Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով Վ. Աբգարյանը դուրս է բերվել իր խցից, Հ. Ա.-ի կողմից ուղեկցվել է հիմնարկի` ընդունելությունների համար նախատեսված սենյակ, որտեղ այդ պահին նրան արդեն իսկ սպասող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Վահագն Աբգարյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու իրական դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով` ՔԿՀ պետ Ս. Մ.-ն Հ. Ա.-ին և հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, այն է՝ հանձնարարել է կազմել իրեն հասցեագրված զեկուցագիր առ այն, թե իբր Վահագն Աբգարյանն իր խցի սանհանգույցից դուրս գալուց հետո սայթաքել և վայր է ընկել, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածք: Արդյունքում Զ. Պ.-ն Հ. Ա.-ի օժանդակությամբ կազմել է իրականությանը չհամապատասխանող` վերը նշված բովանդակությամբ կեղծ զեկուցագիրը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: