Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ցավալի է, որ Գագիկ Ծառուկյանի բովանդակային քննադատությունը այս կամ այն ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ հերթական անգամ առաջացրել է հայտնի շրջանակների կողմից ուղղորդված հիստերիկ և ոչ ադեկվատ արձագանքը: Առավել ցավալի է, որ այդ գործընթացում օգտագործվում են քաղաքական ժամկետնանց և մաշված ազատարշակյանանման ու նմանատիպ այլ գործիքներ, որոնք իրենց անիմաստ գոյությունը պահպանում են բացառապես տարբեր ժամանակներում քաղաքական էժան պատվերներ կատարելով: Ինչ վերաբերում է այն բարբաջանքներին, թե Գագիկ Ծառուկյանն այն մարդը չէ, որը պետք է խոսի կրթական ոլորտի կամ չափորոշիչների մասին, ապա դրանք ընդամենը մանիպուլյացիայի հերթական դրսևորումներ են, որոնք նպատակ ունեն խեղաթյուրել ԲՀԿ նախագահի խոսքերը: Ընկալունակության հետ խնդիրներ ունեցողների համար ևս մեկ անգամ առանձնահատուկ ուզում եմ շեշտել՝ Գագիկ Ծառուկյանի անհանգստությունն ավելի գլոբալ է, քան առանձին չափորոշիչները կամ կրթական ոլորտի այս կամ այն խնդիրը: Գագիկ Ծառուկյանին մտահոգում են այն գործողությունները, որոնք կարող են վտանգել մեր ազգային դիմագիծն ու մեր քրիստոնեական արժեքները: Ավելի պարզ՝ ԲՀԿ նախագահն ընդամենն ասում է, որ Հայ եկեղեցու պատմությունը, քրիտոնեական արժեքներն ու առհասարակ, մեր ազգային արժեհամակարգն այլընտրանք չպետք է ունենան, և որ ժողովուրդը պետք է տեղյակ լինի, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում: Հետաքրքիր է՝ այն մարդիկ, որոնք ջանասիրաբար փորձում են քննադատել Գագիկ Ծառուկյանի՝ հատկապես այս մտահոգությունները, իրենք ի՞նչ արժեհամակարգի և գաղափարների կրող են, ինչպե՞ս են դաստիարակում իրենց երեխաներին ու թոռներին, և ի՞նչ արժեքներ են փոխանցում… Թեպետ ի՞նչ արժեքների մասին է խոսքը, երբ իրենց գլխավոր արժեքը պատվերի գինն է…»: