Որոշ վարորդներ ճանապարհային վճար կվճարեն․ նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Նախատեսվում է ստեղծել ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգ։ Ճանապարհային վճարը՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների   շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով  ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է։

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելը կլինի անվճար, բացառությամբ 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերի: ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող վճարովի ճանապարհները կհանդիսանան այլընտրանքային ճանապարհներ:

ՀՀ տարածքում գրանցված (հաշվառված), ինչպես նաև չգրանցված (չհաշվառված) 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով, ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները կվճարեն ճանապարհային վճար:

Ճանապարհային վճարը պետք է վճարվի միջպետական հաղորդակցության դեպքում՝ մինչև ՀՀ սահման հասնելը ճանապարհային վճարի գանձման համակարգի միջոցով, իսկ ներպետական հաղորդակցության դեպքում՝ մինչև երթուղի դուրս գալը:

Ճանապարհային վճարի դրույքաչափը կսահմանվի անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 (հիսուն) ՀՀ դրամը ներառյալ:

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից կազատվեն`

1) ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար.

2) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար.

3) ՀՀ տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար:

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել