Մանկապարտեզների ամբողջովին վերաբացվելու հետ կապված քննարկումներ են գնում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների վերաբացման հարցը դեռ քննարկվում է։

Իրավաբան.net-ը Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից տեղեկացավ, որ նոր որոշում դեռ չկա։

Երևանի ավագանու անդամ Աննա Ջավախյանն այս մասին գրում է․

«Վերջնական որոշում դեռ չկա, հաճախելու կարգի հետ կապված որոշակի քննարկումներ են ընթանում տարբեր պետական մարմինների հետ։

Երևանի մանկապարտեզներն ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 15-ից կվերաբացվեն։ Խնդիրն այն է, որ պարետատունը թույլ չի տալիս, որպեսզի մանկապարտեզն իր ողջ ներուժով աշխատի, և դա քմահաճույք չէ, համաճարակային իրավիճակն է պարտադրում գնալ նման ծայրահեղ քայլերի։ Այս պահին գործում է խմբում 12 երեխայի սահմանափակումը։ Սեպտեմբերի 15-ին ավագ խմբերի սաներն արդեն դպրոց կսկսեն հաճախել, և հենց ավարտած երեխաների հաշվին մանկապարտեզները կկարողանան փոքրաքանակ խմբերով տեղաբաշխել իրենց սաներին։ Այս պայմաններում, իհարկե, նոր՝ կրտսեր խմբերի կազմավորում և ընդունելություն չի կարող լինել, որովհետև մանկապարտեզներն ուղղակի չեն ունենա ազատ սենյակ անգամ։ Բայց պարետատան կողմից այս սահմանափակումները հանվելուն պես, իհարկե, կլինի ընդունելություն, անկախ նրանից, թե որ ամիսը կլինի, որ ամսաթիվը։ Էնպես որ, պետք է մի փոքր էլ զինվել համբերությամբ։ Հասկանում եմ աշխատող ծնողների խնդիրը»։

Նա նաև հավելում է, որ շատ կարևոր է գիտակցելը, որ սա ժանանակավոր դժվարություն է, վաղ թե ուշ համավարակը պիտի նահանջի, և կյանքն իր բնականոն հունին վերադառնա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել