Երևանի ավագանու անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը հայտնում է․
«ԿԳՄՍՆ-ի ապօրինությունները հաստատում են նույնիսկ գործընկեր նախարարությունները
Ինչպես հիշում եք, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել էր դրա իրավունքը չունեցող անձի՝ ղեկավարվելով ԴՊՐՈՑՆԵՐԻ մասին Կառավարության որոշմամբ: Եվ երբ այդ ցնորքը բացահայտվեց, ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանեց, թե դա «աշխատակցի անփութության» պատճառով է եղել: Սակայն, սխալն ուղղելու և օրենքի պահանջներին համապատասխանող պաշտոնակատար նշանակելու փոխարեն, որոշեցին նույն անձին (ում իրավունք չունեին նշանակել, բայց իրենց գերհավատարիմ ենթական էր) 2րդ անգամ ապօրինաբար հանձնարարել ռեկտորի պարտականությունների կատարումը՝ այս դեպքում էլ ղեկավարվելով ՊՈԱԿ-ների մասին օրենքի մի նորմով, որն արդեն նշանակված ղեկավարի գործուղում կամ արձակուրդ գնալու դեպքերին է վերաբերում:
Քանի որ հայտնի հովանավորչական շղթայի պատճառով ԿԳՄՍ նախարարության հետ այլևս անիմաստ է իրավունքի կամ բանականության դաշտում որևէ խնդիր քննարկել, որոշեցինք նույն հարցն ուղղել ՊՈԱԿ-ներ ունեցող կամայական այլ նախարարության, օրինակ, ՀՀ առողջապահության նախարարությանը, թե արդյոք նախարարության պատմության մեջ երբևէ այդ նորմը կիրառվել է, երբ ՊՈԱԿ-ի նախորդ ղեկավարն ազատվել է պաշտոնից (ինչպես ՀՊՏՀ-ի դեպքում էր):
Ես պատկերացնում եմ՝ առողջապահության նախարարության՝ իրավաբանական և անձնակազմի կառավարման վարչություններն ինչքան են ծաղրել հարցի հեղինակին, երբ այս պատասխանը պատրաստելիս են եղել:
Մարդիկ հավանաբար չեն էլ պատկերացրել, որ իրենց գործընկեր ԿԳՄՍ նախարարությունն այդ «հրաշքը» փաստացի իրագործել է, այն էլ՝ դպրոցների «հրաշքից» անմիջապես հետո:
Հրաշագործ հովանավորները, բնականաբար, ենթարկվելու են պատասխանատվության»,-գրել է նա: