Կառավարությունը օգոստոսի 27-ի նիստին որոշում ընդունեց մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարել, որը թույլ կտա սեպտեմբերի 15-ին արտակարգ դրությունը չերկարաձգել։
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս այս պահի դրությամբ շարունակել պայքարը համավարակի դեմ, միևնույն ժամանակ վերացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը»,-ասաց նախարարը։
- Վարակիչ հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին։
- Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից՝ համապատասխան վարչատարածքային միավորում՝ կամ դրա առանձին տարածքում, այդ թվում՝ տվյալ տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների գտնվելու վայրում, և Կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ պետական սահմանի անցման կետում կամ համաճարակի գոտին երկու կամ ավելի մարզ (ներառյալ՝ մեկ կամ ավելի մարզեր և Երևան քաղաքը) ներառելու դեպքում, այդ թվում` արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող կարանտինի դեպքերում:
Այսպես, նախատեսվում է կարանտին սահմանելու 2 ընթացակարգ՝ կախված հիվանդության տարածվածության և ծանրության աստիճանից, որով պայմանավորված հնարավոր կլինի կիրառել տարբեր բնույթի միջոցառումներ և սահմանափակումներ։
- Մասնավորապես, այն դեպքերում, երբ կարանտինը կսահմանվի մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից հնարավոր կլինի կիրառել հետևյալ միջոցառումները՝
- համաճարակի գոտում մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում.
- պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.
- անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ․
- օբսերվացիա.
- ինքնամեկուսացում.
- մեկուսացում:
- Ի լրումն նշված միջոցառումների, այն դեպքերում, երբ կարանտին կսահմանվի Կառավարության կողմից, պայմանավորված արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով, հնարավոր կլինի կիրառել նաև հետևյալ, ավելի խիստ, միջոցառումները՝
- հավաքներ կամ հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումներ.
- իրավաբանական անձանց գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների սահմանում.
- ապրանքների փոխադրման սահմանափակումներ.
- կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումներ.
- սահմանափակումներ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ հաստատություններում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ նախագիծը միայն երեկ է իրենց ներկայացվել՝ կարծիքի համար։ Վարչապետն իր խիստ դժգոհությունն արտահայտեց «Ես ուզում եմ հասկանամ՝ այս գործելակերպին ե՞րբ ա վերջ տրվելու, երբ կառավարության նիստին հնչում է, որ երեկ երեկոյան է ուղարկվել կարծիքի, սա ինչքա՞ն է շարունակվելու»։
Նա նաև հավելեց, որ պետք է գնան և քննարկեն մինչև որոշման ստորագրման բերելը։ «Մինչև բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի և գրավոր ինձ չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է, ստորագրման չբերեք»,-ասաց նա՝ հավելելով, որ հաշվի առնելով հարցի հրատապությունը, կարող են քվերակությամբ ընդունել, բայց մինչև ստորագրելը պետք է քննարկվի։
Մանրամասները՝ տեսանյութում