Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնում է, որ ուղիղ 26 տարի առաջ ինտերնետում հասանելի դարձավ հայկական .am դոմենային տիրույթը։
«Դեռեւս 26 տարի առաջ, երբ չկար .am-ը, Հայաստանում կայքերը գրանցվում էին .com, .org, .net տիրույթներում: Դոմեն գործարկելու իրավունք ունեին միայն այն երկրները, որոնք ունեին ինտերնետ ենթակառուցվածք եւ ինտերնետն օգտագործողների համայնք:
1994 թվականին նոր անկախացած Հայաստանում նորարարական գաղափարներով ոգեւորված մի խումբ մասնագետների ջանքերով Հայաստանը միացավ օնլայն աշխարհին, եւ գործարկվեց .am դոմենային տիրույթը:
2020 թվականի օգոստոսի տվյալներով՝ .am տիրույթում գրանցված է շուրջ 37.800 դոմենային անուն: Այժմ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռեգիստրարներ (դոմենային անուն գրանցող կազմակերպություններ)»,-նշում է նախարար Արշակյանը։