4 և 10 տարեկան երեխաների միայնակ մայրը վարակվել է կոռոնայով ու հրատապ օգնության կարիք ունի․ Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժ» ՀԿ ղեկավար Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալավերդիում վարձով ապրող միայնակ մայրիկը (նախկին ամուսինը կալանավայրում է, նաև կնոջ նկատմամբ է բռնություն գործադրել) օրերս գնացել էր Վանաձորի բժշկական կենտրոն, որպեսզի պոչուկի կիստան վիրահատեր, սկզբում թեստ է հանձնել, բացասական է եղել, վիրահատությունից հետո տաքություն է ունեցել, նորից թեստ է հանձնել, դրական է եղել։

Բժիշկն ասել է, որ մեկուսանա, Սպիտակի հիվանդանոց չեն տարել, քանի որ այնտեղ ծանր սիմպտոմներով հիվանդներին են բուժում։

Վաղը տուն են տանելու Շտապ օգնության մեքենայով, քանի որ նա տաքսիի գումար չունի, սննդի գումար էլ չունի, ասել են, որ մարզպետարանը սնունդ է հատկացնում անապահով վարակակիրներին։ Անչափահաս երեխաներին քրոջ մոտ է թողել վիրահատությունից առաջ, փոքր աղջիկն էլ չի դիմանում առանց մամայի։

Այս կինը լրիվ մենակ է, վիրահատությունից հետո դեռ վերքը մշակելու կարիք կա, չգիտի՝ ով կգա իր մոտ, որ մշակի վերքը, ինքն էլ չի կարողանա։ Նպաստառու ընտանիք է, զանգել-խնդրել է, որ նպաստը տան, նպաստ բաժանող աշխատակիցն ասել է, որ քանի որ կոռոնա վարակակիր է,, այս ամիս չի գա, հաջորդ ամիս երկուսը միասին կտա։

Հիմա խուճապ է իր մոտ, քանի որ վերջի գումարները ծախսել է հիվանդանոցում, որտեղ մտել է առանց կոռոնա վարակի, բայց դուրս է գրվում կոռոնայով։ Չգիտի՝ ինչպես է 14 օր ապրելու, և երբ կուղարկեն սնունդը մարզպետարանից։

Չգիտեմ էլ՝ ինչով կարող ենք օգնել, բայց վստահ եմ, որ մեծ ցանկության դեպքում գոնե նպաստը կարող են հասցնել հիվանդ կնոջը։

Ես իրեն ճանաչում եմ 2016 թվականից, իր մասին էլի եմ գրել, շատերդ եք օգնել։ Շատ աշխատասեր, ինքնուրույն ու արժանապատվության բարձր զգացումով կին է, ծայրահեղ դեպքերում է դիմում օգնության համար։

Նախքան համավարակի Ալավերդիի հյուրանոցներից մեկում է աշխատել, հետո հյուրանոցը փակվել է, մի կերպ են դիմացել, Women’s Support Center – Yerevan, Armenia-ն է մեկ անգամ գումարով օգնել»,-նշել է նա։

https://www.facebook.com/arman.gharibyan/posts/10221734497704706

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել