Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին: Նա այս օրերին ավարտում է գործունեությունը Հայաստանի ֆրանսիական համալսարանում և մեր երկրում: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով հյուրին` նախարար Ա. Հարությունյանն արձանագրել է, որ պարոն Լավեստի ղեկավարման տարիներին Հայաստանի ֆրանսիական համալսարանը զարգացում է ապրել՝ հաջողությամբ հանդես գալով տեղական բուհերի շարքում: Նա ներկայացրել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կիրառվող սահմանափակումներն զգալի բարդացնում են աշխատանքը, և հաճախ անհրաժեշտություն է առաջանում ընդունել բարդ և պատասխանատու որոշումներ, որոնք, իրավիճակի զարգացումներով պայմանավորված, կարճ ժամանակահատվածում կարող են փոփոխությունների ենթարկվել:

Ռեկտոր Լավեստի խոսքով՝ վերջին տարիներին Ֆրանսիական համալսարանի հաջողությունները պայմանավորված են եղել նաև նախարարության հետ արդյունավետ համագործակցությամբ, իսկ բուհի կանոնադրության փոփոխության կարևոր գործընթացում մշտապես զգացել են նախարարի աջակցությունը: Ժան-Մարկ Լավեստը նշել է, որ արդեն հայտնի է համալսարանի հաջորդ ռեկտորի անունը. նա մասնագիտությամբ տնտեսագետ է՝ առավել մասնագիտացած կիբեռանվտանգության հարցերով և արդեն ավարտում է իր գործունեությունը Օքսֆորդի համալսարանում: Նրա խոսքով՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը նոր ռեկտորի գլխավորությամբ առաջիկայում խնդիր է դնելու քայլեր ձեռնարկել նոր՝ տուրիզմի մասնագիտության ներդրման ուղղությամբ: Գործող ռեկտորի խոսքով՝ մեկ այլ ուղղությունն էլ մաթեմատիկականն է, որի զարգացումը, ի վերջո, խթանելու է նաև Հայաստանի տնտեսության ճյուղերի առաջընթացը: Ժան-Մարկ Լավեստն անկեղծացել է, որ մեր երկրում աշխատող իր դուստրը և 12-ամյա որդին, որ արդեն մոտ հինգ տարի իր հետ Հայաստանում են, դեռ որոշ ժամանակ գուցե մնան, իսկ հեռանալիս իրենք մի կտոր Հայաստան են տանելու իրենց հետ:

Հանդիպման ավարտին նախարար Ա. Հարությունյանը Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման, ղեկավարման նորարական մոտեցումների կիրառման և հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման համար պարոն Լավեստին պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով՝ ընդգծելով, որ իր պաշտոնավարման ընթացքում պարգևներ, կոչումներ չի շռայլել և նախարարությունների միավորումից հետո ստեղծված պարգևն առաջին անգամ է հանձնում:

Շնորհակալություն հայտնելով պարգևի համար՝ ռեկտոր Լավեստն ասել է, որ բարձր է գնահատում բարեկամական վերաբերմունքը և պատրաստ է աջակցել հայկական կողմին անգամ Հայաստանում առաքելությունն ավարտելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել