Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ՝ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի գույքը վարձակալության և ենթավարձակալության հանձնելու գործընթացներում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲ ընկերության կողմից իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող անշարժ գույքը վարձակալության հանձնելու գործընթացի վերաբերյալ  ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն  է պահանջվել և ստացվել նաև  ՀՀ կադաստրի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեներից:

Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

Արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲ ընկերությունը 2012թ․ մարտին վարձակալության պայմանագրով  160․000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով N ՍՊԸ-ին է հանձնել Երևան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի մի մասը` առաջին հարկի 21,2քմ, 17,1քմ և 6,3քմ մակերեսներով տարածքները:  Պայմանագրով վարձակալը պարտավորվել է ժամանակին վարձատուին վճարել վարձակալված տարածքի համար վարձավճարը, ինչպես նաև իր կողմից օգտագործված էլէներգիայի, ջրի, կոմունալ ծառայությունների վարձը։ Վարձակալի համար սահմանվել է առանց վարձատուի գրավոր համաձայնության ենթավարձակալության հանձնելու իրավունք: Պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2015թ․ մարտի 23-ը, հետագայում կողմերի միջև այն երկու անգամ երկարաձգվել է մինչև 2021թ. մարտի 23-ը՝ առանց վարձավճարի փոփոխության։

Վարձակալ ընկերությունը 2012-2019թթ. այլ ընկերությունների հետ կնքել է նշված տարածքները ենթավարձակալությամբ տրամադրելու, դրանց ժամկետները երկարաձգելու պայմանագրեր՝ յուրաքանչյուր անգամ սահմանելով ավելի բարձր վարձավճար՝ 210․000 ՀՀ դրամից հասցնելով մինչև 425.000 ՀՀ դրամ:

Ենթավարձակալության պայմանագրերից հետևում է, որ N ՍՊՆ-ն 2012թ․ ապրիլից մինչև 2015թ․ մարտ ամիսն ընկած ժամանակահատվածի համար այդ եղանակով ստացել է շուրջ 7․3մլն ՀՀ դրամի չափով, 2015թ․ մարտից մինչև 2016թ․ ապրիլ ամսի համար շուրջ 4․6մլն ՀՀ դրամի չափով, 2016թ․ ապրիլից մինչև 2018թ․ օգոստոս ամսվա համար՝ շուրջ 13․3մլն ՀՀ դրամի չափով, իսկ 2018թ․ օգոստոսից մինչև 2020թ․ մարտ ամիսը՝ շուրջ 8․1մլն ՀՀ դրամի չափով վարձավճարի գումարներ՝ ընդհանուր առմամբ շուրջ 33․300․000 ՀՀ  դրամի չափով վարձավճար: Մինչդեռ «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ն նույն ժամանակահատվածի համար N ՍՊԸ-ից ստացել է ընդամենը 15․406․000 ՀՀ դրամի չափով վարձավճար։

Վարձակալության ամբողջ ժամանակահատվածում այդ տարածքների ենթավարձակալությամբ ծանրաբեռնված լինելու հանգամանքը վկայում է, որ դրանք ունեցել են պահանջարկ և ենթավարձակալության պայմանագրերում որպես վարձավճարի չափ նշվել է դրա իրական շուկայական արժեքը, ինչը շուրջ 17․894․000 ՀՀ դրամով ավելի է, քան «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից վարձակալության պայմանագրերում նշված վարձավճարի չափը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձակալն իրավունք ունի գույքը հանձնել ենթավարձակալության, միայն վարձատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ իրավական ակտերով: Սակայն  տվյալ դեպքում տարածքը ենթավարձակալության հանձնելու համար «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ին երբեք համաձայնության հարցում չի կատարվել, քանի որ կողմերի միջև կնքված պայմանագրով օրենքի պահանջների խախտմամբ սահմանվել է ենթավարձակալության հանձնում առանց վարձատուի գրավոր համաձայնության։

Պարզվել է նաև. որ այդ տարածքների կոմունալ վճարների մոտավոր արժեքները ներառված են վարձավճարի հաշվարկներում, և 94 ամիսների ընթացքում վճարված 15․406․000 ՀՀ դրամ վարձավճարից շուրջ 887․454 ՀՀ դրամը ուղղվել է կոմունալ վճարումներին: Մինչդեռ  կնքված վարձակալության պայմանագրի համաձայն՝ դրանք առանձնացված վճարներ էին և չպետք է ներառվեին վարձատուին վճարման ենթակա վարձավճարում։

Այսինքն «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ-ի պաշտոնատար անձանց կողմից 2012թ․ մինչ օրս իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ որպես վարձատու ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում գույքը տրամադրվել է վարձակալության իրական արժեքից շուրջ 17․9մլն ՀՀ դրամ էժան գնով և վարձավճարի գումարի մեջ կոմունալ վճարները ներառելով փաստացի շուրջ 887․454 ՀՀ դրամի չափով վարձավճարը նվազեցվել է: Արդյունքում պետական բաժնեմասով «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲԸ է մուտքագրվել իրական արժեքից ավելի պակաս գումար՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Ուսումնասիրության արդյունքում նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ այն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել