Հայաստանի ազգային գրադարանը նոր տնօրեն ունի

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Աննա Չուլյանին: Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանին գրադարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Աննա Չուլյանին նշանակվելու կապակցությամբ: «Հրաչյա Սարիբեկյանը բավականին բարդ փուլում է ստանձնել գրադարանի ղեկավարի պարտականությունները, և այն խնդիրները, որ դրված են եղել նրա առջև, հիմնականում լուծվել են: Վստահ եմ, որ տիկին Չուլյանի ջանքերով ևս Ազգային գրադարանը կծառայի հիմնական նպատակներին, որոնք ամրագրվել են գրադարանի ստեղծումից ի վեր»,- նշել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Շնորհավորելով նորանշանակ տնօրենին՝ 2019 թվականի փետրվարից տնօրենի պաշտոնակատար նշանակված գրող, գրականագետ Հրաչյա Սարիբեկյանը շնորհակալություն է հայտնել գրադարանի աշխատակազմին համատեղ գործունեության ու լավ աշխատանքի համար:

«Ես եկել եմ կիսելու ձեզ հետ իմ տեսլականը, իմ գիտելիքը, փորձը և նաև վերցնելու ավանդականը, այն, ինչը ես չգիտեմ: Ազգային գրադարանը մշակութային ոլորտում շատ լուրջ ռազմավարական կառույց է, և յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իր ունեցած փոքրիկ ներդրումով, իր գործունեությամբ նպաստում է ազգային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործին: Շնորհակալություն պատկան մարմիններին ինձ վստահելու համար»,- ասել է գրադարանի նորանշանակ տնօրեն, Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Չուլյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել