Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:
Այս մասին տեղեկցնում են ոստիկանությունից։
Օրերս հերթական դեպքը քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտեցին:
Օգոստոսի 19-ին քրեական հետախույզներն Ազատության պողոտայից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու, իրացնելու, ինչպես և հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով բերման ենթարկեցին ՍՊԸ փոխտնօրեն, Դրոյի փողոցի 46-ամյա մի բնակչի:
Նրա անձնական խուզարկությամբ իրավապահները հայտնաբերեցին կանաչավուն, յուրահատուկ հոտով, չորացված մանրացված և շագանակագույն փոշենման զանգվածներ:
Ըստ 46-ամյա տղամադու` բուսական զանգվածը մարիխուանա է, իսկ շագանակագույն փոշենման զանգվածը` հերոին:
Կասկածվողը ձերբակալվել է: Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: