Փաստաբան Արսեն Սարդարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայտնում եմ ձեզ, որ 26.08.2020թ. թիվ ԵԴ/0560/01/20-ին քր. գործով ամբաստանյալ Արմեն Ղարիբյանի վերաբերյալ Շենգավիթի դատարանում դատավոր Արտյուշա Գաբրիելյանի նախագահությամբ նշանակված է հերթական նիստ` «Մասիվցի Անդիկի» սպանությանը օժանդակելու մեղադրանքով:
Մեր վստահորդը առհասարակ որևէ առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, առերևույթ անմեղ է, նրա մեղադրանքը հիմնված չէ որևէ վերաբերելի ապացույցի վրա:
Երեք երեխաների հայր Ա.Ղարիբյանը մեկ տարուց ավելի է պահվում է կալանքի տակ, ունի չարորաք քաղցկեղ, և այլ ծանր հիվանդություններ:
Նրան առաջադրված մեղադրանքը հիմնված է բացառապես սպանության ենթադրյալ կատարողի հետ ենթադրյալ հեռախոսակապ ունեցած լինելու հանգամանքի վրա: Հեռախոսային խոսակցության բովանդակության բացակայության պայմաններում դատախազությունը որոշել է ղեկավարվել մեղավորության կանխավարկածով և անձին մեղադրել սպանությանը օժանդակելու մեջ: Սակայն որևէ պատասխան չկա, թե ինչից են ենթադրում, որ եթե Ա.Ղարիբյանը նույնիսկ խոսել է սպանության ենթադրյալ կատարողի հետ, ապա ինչու պետք է ենթադրյալ կատարողը կիսվեր իր մտադրությունների մասին, կամ ինչու պետք է Ղարիբյանը նրան օժանդակեր, կամ ինչում է կայացել օժանդակությունը և այլն:
Սպանությունը` մարդուն դիտավորյալ կյանքից զրկելը, ամենածանր հանցագործություններից մեկն է, և նման հանցագործություններով իրավապահ մարմինները պետք է ջանք չխնայեն մեղավորին/ներին հայտնաբերելու և խիստ պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն մեղսագրվող հանցագործության ծանրությունը չպետք է անօրինական և անհիմն հետապնդման պատճառ դառնա, և չպետք է սպանության ենթադրյալ կատարողի հետ ցանկացած առնչություն ունեցած անձ դիտարկվի որպես սպանության օժանդակող կամ պարտակող:
Լրագրող գործընեկրներին խնդրում եմ ուշադրություն հրավիրել այս գործի վրա, և հրապարակելով և լուսաբանելով գործի քննության ընթացքը, հնարավորություն ընձեռնել Ա.Ղարիբյանի պաշտպանության կողմին հանրայնացնել Ա.Ղարիբյանի` անմեղ, իսկ նրան առաջադրված մեղադրանքի անհիմն լինելը: