Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկը առաջին օրերի համեմատ այժմ մի փոքր ավելի լավ է, դրական դինամիկա կա, իսկ 6-ամյա երեխայի առողջական վիճակը նույնն է. շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։
Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կետրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Կյանքին վտանգ սպառնում է»,-նշում է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի և նրա դստեր կողմից անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ նրանցից մեկին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները: 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։