Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ սպա Գուրգեն Ալավերդյանի հարցով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը գրում է․
«Ազերի զինծառայողների հրապարակած տեսանյութերը սպա Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպտագույն խախտում են։
Օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը, եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է՝ հայտնվելով ադրբեջանական զինուժի իրավասության ներքո:
Դիրքերում մոլորված եւ ադրբեջանցիների կողմից դիվերսիոն խմբի ղեկավար ներկայացրած՝ ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանը ադրբեջանցի զինծառայողների կողմից ենթարկվել է նվաստացման եւ բռնությունների։ Սպային ձեռնաշղթա հագցնելը, նրա դեմքը գլխարկով ծածկելը, սպայի արժանապատվությունը վիրավորող հայհոյանքները, Գուրգեն Ալավերդյանի էթնիկ պատկանելությունը շեշտելով՝ նվաստացնող հայտարարություններ անելն ու այդ ամենը սոցիալական ցանցերով եւ ադրբեջանական հեռուստաընկերություններով տարածելը ժնեւյան կոնվենցիայի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ են։
Հիշեցնեմ, որ կոնվենցիայով երաշխավորվում է ռազմագերիների պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, ինչը բացառում է ցանկացած նվաստացում եւ անհարգալից վերաբերմունք։
Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանը, ով միացել է միջազգային իրավունքի բազմաթիվ կոնվենցիաների, այդ թվում՝ ռազմագերիների հետ վարվելակերպի հայտնի կոնվենցիային, շարունակում է հետեւողականորեն խախտել ու թքած ունենալ իր իսկ ստանձնած պարտավորությունների վրա։
Մենք բազմիցս տեսել են, թե ինչպես է այդ երկիրը վերաբերվում իր իրավասության ներքո հայտնված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, ու վերջիններս ինչ անմարդկային խոշտանգումների են ենթարկվում եւ սպանվում, ինչպես, օրինակ, Մանվել Սարիբեկյանը, որի մասով միջազգային իրավապաշտպան հանրության համարժեք իրավական գնահատականն այդպես էլ չեղավ։
Ակնկալում եմ միջազգային կառույցների՝ իրավական ողջ գործիքակազմով արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներին»։