Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի գործով նիստն այսօր չի կայանա․ փաստաբանական թիմի հայտարարությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր օգոստոսի 25-ին պետք է մեկնարկեր ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության առաջին նիստը։ Նիստը նախագահում է դատավոր Արթուր Մկրտչյանը։

Քիչ անց պարզ դարձավ, որ նիստը հետաձգվել է վաղը՝ օգոստոսի 26-ին, ժամը

Փաստաբանական թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են  պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ Գագիկ Խաչատրյանը 2019թ.-ին գտնվելով Գերմանիայում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։ Երկուսն էլ պնդում են հրապարակային ու թափանցիկ գործի քննության անցկացման։

Դատական այսօրվա նիստի ընթացքում կքննվի Խաչատրյանների խափանման միջոցի հարցը դատաքննության ընթացքում. հիշեցնենք՝ նրանք երկուսն էլ արդեն 1 տարի է կալանավորված են: Ընդ որում, 64-ամյա Գագիկ Խաչատրյանը ողնաշարի ստենոզի անհապաղ վիրահատական բուժման կարիք ունի, որի չկատարումը և կատարման հապաղումը լուրջ և անդառնալի վտանգներ է պարունակում նրա հետագա առողջության և կյանքի համար։ Այս կապակցությամբ 2020 hուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կիրառել է միջանկյալ միջոց՝ պահանջելով ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ Խաչատրյանների փաստաբանական խումբը օգոստոսի 5-ին արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար՝ հայտարարելով, որ աննախադեպ է Մարդու իրավուքնների եվրոպական դատարանի վճռի չկատարումը։ 

Հատկանշական է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ս.թ. հուլիսի 21-ին միջանկյալ միջոց կիրառելուց զատ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նրա վերաբերյալ գործը ընդունել է վարույթ առաջնահերթության կարգով՝ ՄԻԵԴ կանոնակարգի 41 հոդվածի համաձայն։ ՄԻԵԴ-ը առաջնահերթությունը շնորհել է Խաչատրյանի առողջական վիճակից ելնելով, ինչը ենթադրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համոզվել է, որ անձը ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի և առողջության իրավունքից զրկման»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել