Համատիրության գործունեության հիմնական նպատակներն են`
ա) օրենքով սահմանված կարգով իրականացնել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարումը.
բ) օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնել և պաշտպանել շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր շահերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական և այլ իրավասու մարմիններում.
գ) իրականացնել այլ խնդիրներ, այդ թվում` կոմունալ ծառայություններ մատուցողների հետ շենքի կառավարման մարմնի կողմից կնքել պայմանագրեր, որոնք չեն հակասում սույն օրենքին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Այս մասին սահմանում է «Համատիրության մասին» ՀՀ օրենքը։
Եթե քաղաքացին դժգոհ է համատիրության աշխատանքից, ապա կարող է բողոք ավելացնել համատիրությունների կառավարման էլեկտրոնային համակարգի միջոցով։
Համատիրության անդամները պարտավոր են`
ա) օրենքով և համատիրության կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարներ և այլ վճարներ.
բ) չհրապարակել համատիրության գործունեության վերաբերյալ առևտրային գաղտնիք ներկայացնող տեղեկություններ, բացի օրենքով սահմանված դեպքերից.
գ) բարեխղճորեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները:
Համատիրության լուծարմամբ դրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
Համատիրությունը կարող է լուծարվել ընդհանուր ժողովի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Համատիրությունը դատական կարգով կարող է հարկադիր լուծարվել միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Համատիրության լուծարման դեպքում համատիրության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը դառնում է համապատասխան բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն և օգտագործվում է միայն բազմաբնակարան շենքի կառավարման նպատակով:
Համատիրությունը լուծարվում է, եթե համատիրության անդամների բաժինը պակասում է համատիրություն հիմնադրելու համար սույն օրենքով նախատեսված քանակից: Այդ մասին համատիրության նախագահը պարտավոր է անմիջապես օրենքով սահմանված կարգով ծանուցել շինության սեփականատերերին և տեղեկություն տալ համապատասխան համայնքի ղեկավարին ու իրավաբանական անձանց գրանցող պետական մարմնին:
Համատիրությունը լուծարվում է, եթե որոշումը կայացվում է իրավաբանական անձանց գրանցող պետական մարմնի կողմից համատիրություն հիմնադրելու համար սույն օրենքով նախատեսված համատիրության անդամների բաժնի քանակի պակասեցման գրանցմանը հաջորդող օրվանից: Իրավաբանական անձանց գրանցող պետական մարմինը պարտավոր է համատիրության լուծարման մասին որոշումը համատիրության կառավարման մարմիններ ուղարկել համապատասխան որոշումն ընդունելու օրը:
Պետությունը պարտավոր է հատուցել համատիրության գործունեությունը սույն օրենքով նախատեսված ժամկետներում չլուծարելու կամ լուծարման մասին որոշումը սահմանված ժամկետում համատիրության կառավարման մարմիններ չուղարկելու հետևանքով համատիրությանը և (կամ) դրա անդամներին ու երրորդ անձանց պատճառած վնասները:
Համատիրության լուծարման ընթացքում շենքի կառավարման լիազորությունները դադարում են:
Սույն հոդվածի պահանջների խախտմամբ որոշումներ կայացրած ղեկավար մարմինները պարտավոր են հատուցել դրա հետևանքով համատիրությանը և (կամ) դրա անդամներին ու երրորդ անձանց պատճառած վնասները:
Եթե մեկից ավելի շենքերում հիմնադրված համատիրության շենքի (շենքերի) անդամների բաժնի քանակը պակասում է համատիրություն հիմնադրելու համար սույն օրենքով նախատեսված քանակից, ապա համատիրության կողմից այդ շենքերի կառավարումը դադարեցվում է սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով: