Զանգվածային լրատվության միջոցներում եւ սոցցանցերում տարածված նկարները եւ տեղեկությունները Սյունիքի մարզի Արեւիսի հիմնական դպրոցի մասին իրականությանը չեն համապատասխանում․այո՛, կա նման տեսարան Արեւիսում, սակայն տարածված լուսանկարներում պատկերված շենքային մասում դասապրոցես չի իրականացվում։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
«Արևիսի հիմնական դպրոցում կա ընդամենը 6 աշակերտ՝ 2 առաջին, մեկական՝ 2, 5, 8, 9 դասարաններում, եւ նրանք դաս են անում դպրոցի մասնաշենքի ուրիշ՝ այլ պայմաններով ու գործող մասում։ Մինչդեռ տարածվել են դպրոցի մասնաշենքի չգործող մասի լուսանկարները, որը դպրոցի համար չի օգտագործվում ու վթարային է։
Հրապարակում ենք դպրոցի շենքի գործող մասի իրական լուսանկարներն ու պայմանները»։
Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հայտարարություն էր տարածել ու հայտնել, որ Արեւիսի հիմնական դպրոցի շենքը վատ վիճակում է․ «Սա դպրոցի շենք է։ Սյունիքի մարզի Արևիսի դպրոցի…Գործող դպրոցի…Սահմանամերձի կարգավիճակը խլած, բայց իրապես սահմանամերձ (գյուղը խոտհարքներ ունի, որ մեկ կմ է Նախիջևանից հեռու) դպրոցի շենք։
Աշխարհից կտրված այդ համայնքում ուսուցիչ չի գալիս, որ պարապի։ Իսկ այստեղ մեր երեխաներն են սովորում, ովքեր գիտեն, որ քիչ հեռու հակառակորդի դիրքերն են…
Էլի եմ կրկնում. սահմանամերձ բնակավայրերին առանձնահատուկ ուշադրություն է անհրաժեշտ..
21-րդ դարը պիտի հասնի այս գյուղեր»։
https://www.facebook.com/syunikregionaladministration/posts/1196587820721734