Ի՞նչ կանոններով, ժամերով, ձևով դպրոցներում կկազմակերպվեն դասընթացները․ ԿԳՄՍ-ն ներկայացրել է բոլոր մանրամասները

Կրթության, գիտության, մաշկույթի և սպորտի նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ի՞նչ կանոններ են սահմանվել հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ դասընթացների կազմակերպման համար։

Այսպիսով․ երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ:

2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնակրթական գործընթացը հանրակրթական հաստատություններում իրականացվում է սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ:

Ուղեցույցը պարտադիր է բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից:

Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։

ՄԱՍ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

  1. COVID-19 հսկողության պատասխանատուն
  • Յուրաքանչյուր դպրոցում սահմանվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (Այսուհետ՝ Պատասխանատու), ով ի պաշտոնե դպրոցի տնօրենն է:
  • Սույն ուղեցույցով սահմանված կանոնների պահպանման համար պատասխանատվություն են կրում դպրոցի բոլոր աշխատակիցները։
  • Պատասխանատուի պահանջների կատարումը պարտադիր է դպրոցի աշխատակիցների, ծնողների և սովորողների համար:
  • Պատասխանատուի կողմից սույն թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ դպրոցի բուժքույրի ներգրավմամբ, դպրոցի աշխատակիցների համար կազմակերպվում և իրականացվում են դասընթացներ՝ ներառելով հետևյալը.
    • կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) առանձնահատկությունները, փոխանցման հնարավոր ուղիները և կանխարգելիչ միջոցառումները՝ առաջնորդվելով Պարետի 2020 թվականի օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման հավելված N 22-ով,
    • անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ` ԱՊՄ) կիրառման կանոնները,
    • ձեռքերի հիգիենան,
    • շնչառական էթիկան,
    • կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ գործողությունները,
    • սույն ուղեցույցով սահմանված կանոնները:
  • Աշխատակիցներըհրահանգավորվումեն COVID-19-ի ախտանշաններիառկայությանդեպքումաշխատանքիչհաճախելու և անհապաղբուժօգնությանդիմելումասին:

7. Անհրաժեշտ պարագաներով ապահովումը.

1) Դպրոցներն ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով:
2) Օրվա ընթացքում անձնակազմը և սովորողներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռահար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։
3) Դպրոցներն ապահովվում են նաև անհատական օգտագործման ջերմաչափերով՝ ըստ անհրաժեշտության գործածման համար։

8. Միջոցառումների կազմակերպումը.

1) Դպրոցներում արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը (առավոտյան մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտում, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ և այլն):

2) Ժամանակավորապես դադարեցվում են երկարաօրյա ծառայությունները, ինչպես նաև՝ դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը: Դպրոցի տարածքում այլ կազմակերպությունների կողմից լրացուցիչ կրթական գործունեության ծավալումը կարող է կազմակերպվել միայն այն դեպքում, եթե դա չի խոչընդոտում ուսումնական գործընթացի կազմակերպմանը։

3) Դպրոցի տարածքում գործունեություն ծավալող կազմակերպությունները պարտադիր կերպով իրականացնում են օգտագործվող տարածքի ախտահանում գործունեության ավարտից հետո՝ մինչև հաջորդ օրվա ուսումնական գործընթացի սկզիբը։

4) Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում երկարօրյա ծառայությունների և արտաուսումնական խմբակների մասով կարող են գործել այլ կարգավորումներ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային ընդհանուր կանոնները։

5) Դպրոցում ժողովների և հավաքների գործընթացը կազմակերպվում է հնարավորինս հեռավար եղանակով, դրա անհնարինության դեպքում՝ բացօթյա, դահլիճում կամ միջանցքում՝ համապատասխան հարմարեցմամբ՝ ապահովելով սոցիալական հեռավորություն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը։

9. Անձնակազմի համար կանոններ.

1) Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի (ներառյալ` 65 և բարձր տարիքի ուսուցիչներն` անկախ առողջական վիճակից) կարող են ընտրել՝
ա. աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են ՀՀ ԿԳՄՍՆ կողմից.
բ. կամ աշխատանքն իրականացնել հեռավար եղանակով, եթե առկա են դրա համար անհրաժեշտ պայմանները.
գ. կամ չներկայանալ աշխատանքի:

2) Նախորդ կետի իմաստով աշխատանքի չներկայանալու դեպքում ուսուցիչների համար դասաբաշխում չի կատարվում: Նրանց աշխատավարձը հաշվարկվում է նախորդ ուսումնական տարվա դասաբաշխմանը համապատասխան, բայց ոչ ավել քան մեկ հաստիքի չափով, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում աշխատավարձի հաշվարկն իրականացվում է դպրոցի որոշմամբ` աշխատանքային օրենսգրքին համաձայն:

3) Դպրոցը կարող է ներգրավել փոխարինող ուսուցիչների 4-րդ 1)-ի գ. ենթակետի հիմքով առաջացած թափուր ժամերի մասով։

4) Ուսուցիչները պարապում են այն դասերը (ժամերը), որ ստացել են դասաբաշխումով:

5) Բացառվում է դպրոցի անձնակազմի մուտքը հաստատություն առանց դիմակի:

6) Դպրոցում գտնվելու ողջ ժամանակահատվածում անձնակազմի անդամները պարտադիր կրում են դիմակ:

7) Դպրոց մուտքի մոտ կատարվում է անձնակազմի պարտադիր ջերմաչափում, որի արդյունքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում ըստ Ձև 2-ի:

8) Եթե դպրոցի անձնակազմից որևէ մեկի մոտ նկատվում է սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններ, ապա անհապաղ դադարեցվում է վերջինիս աշխատանքը:

ՄԱՍ 2. ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ

10. Դասարանների կոմպլեկտավորումը և կահավորումը.

1) Դասարաններում սովորողների առավելագույն թույլատրելի թիվը 20-ն է:
2) Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից՝ հետևյալ սկզբունքներով.

ա. 20-ից ավել սովորող ունեցող դասարանը բաժանվում է 2 խմբի:

բ. Մինչև 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 54 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Օրինակելի ձև տրված է Պատկեր 1-ում։

գ. Մինչև 10 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար ուսումնական գործընթացը կազմակերպվում է նվազագույնը 42 մ2 մակերես ունեցող դասասենյակներում կամ այդ նպատակով կահավորված դահլիճներում, միջանցքներում և բացօթյա տարածքներում: Օրինակելի ձևը տրված է Պատկեր 2-ում։

դ. Ոչ պետական կրթական հաստատությունները կարող են կիրառել դասարանների կոմպլեկտավորման և կահավորման այլ սցենարներ՝ պահպանելով հակահամաճարակային ընդհանուր կանոնները:

11. Դպրոցի ախտահանումը.

1) Մինչև դասերի սկիզբը՝ նախորդ օրը երեկոյան կամ դասերը սկսելուց առաջ բոլոր դռները, պատուհանները, սեղանները, աթոռները, գրատախտակները, սանհանգույցները ախտահանվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցին համապատասխան:

2) Եթե ուսումնական գործընթացը նույն օրվա ընթացքում կազմակերպվում է հերթափոխով, ապա հերթափոխերի միջև սահմանված ընդմիջումը պետք է բավարար լինի ախտահանումն իրականացնելու համար։

3) Հերթափոխի դեպքում դասասենյակներում սեղանների, աթոռների, գրատախտակների ախտահանման գործընթացում կարող են ըստ անհրաժեշտության կամավորության սկզբունքով ներգրավվել տվյալ դասարանի սովորողները կամ ծնողները՝ պահպանելով անվտանգության կանոնները:

4) Մակերեսներն ախտահանվում են 70-90 %-անոց սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցի կիրառմամբ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցին համապատասխան, այդ թվում՝ տարածքի դռների բռնակներ, սեղաններ, ձեռքով հաճախակի հպման մակերեսներ (սարքեր, լույսի անջատիչ, սարքավորումների բռնակ, հեռակառավարման վահանակ, ընդհանուր օգտագործման հեռախոս, համակարգիչ, ստեղնաշար, մկնիկ և այլն), սանհանգույց։

5) Դպրոցում ապահովվում է պատշաճ օդափոխություն օրվա ընթացքում առնվազն 3 անգամ, 8-10 րոպե տևողությամբ:

6) Դպրոցում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով, օճառով, իսկ անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ։

7) Դպրոցում ապահովվում է ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցներով հասանելիությունը, այդ թվում՝
− դպրոցի մուտքի մոտ,
− միջանցքներում,
− դասասենյակներում,
− դահլիճներում,
− ուսուցչական և այլ աշխատանքային սենյակներում,
− սանհանգույցներում:

8) Ախտահանիչ միջոցները կիրառվում են նյութին կից մեթոդական ուղեցույցի համապատասխան, որը հաստատված է Առողջապահության նախարարի հրամանով:

9) Դպրոցում իրականացվում է ամենօրյա աղբահանություն` օգտագործելով փակվող աղբամաններ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար, ստանդարտ մակնշմամբ՝ «Օգտագործված դիմակներ և անձեռցիկներ» դպրոցի մուտքի մոտ և միջանցքներում։

Պատկեր 1.  Մինչև 20 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար դասասենյակի օրինակելի ձև

Պատկեր 2. Մինչև 10 սովորող ունեցող դասարանի կամ խմբի համար դասասենյակի օրինակելի ձև

ՄԱՍ 3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

12. Ուսումնական պլանը.

1) Պետական ուսումնական հաստատության ուսումնական պլանը կազմվում է օրինակելի ուսումնական պլանի հիման վրա:
2) Սույն ուղեցույցի մաս 2–ի 3-րդ կետի դրույթների համաձայն՝ դասարանը խմբերի բաժանելիս դրանք արտացոլվում են ուսումնական պլանում որպես առանձին դասարան։
13. Դպրոցում գտնվելու ժամանակահատվածը.
1) Դպրոցներում սահմանվում է 6-օրյա աշխատանքային ռեժիմ՝ դպրոցում գտնվելու ժամանակահատվածը հնարավորինս սահմանափակելու նպատակով:
2) 6-օրյա աշխատանքային ռեժիմի պարագայում դպրոցում գտնվելու տևողությունն ըստ դասարանների տրված է Պատկեր 3-ում.
3) Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում կարող է գործել այլ աշխատանքային ռեժիմ՝ հակահամաճարակային կանոնների խստագույն պահպանմամբ։

Պատկեր 3. 6-օրյա աշխատանքային ռեժիմի պարագայում դասերի թիվը օրվա ընթացքում և դպրոցում գտնվելու տևողությունն ըստ դասարանների

14. Առարկայի ծրագիրը.

1) Առարկայի ծրագրի կատարումը կազմակերպվում է դասարանում, եթե դասարանը բաժանված չէ խմբերի սույն ուղեցույցի մաս 2-ի 3-րդ կետի դրույթների համաձայն: Առարկայի թեմատիկ պլանը տվյալ դասարանի համար կազմվում է ծրագրի ժամերին համապատասխան:

2) Եթե դասարանը բաժանվում է 2 խմբի, ապա առարկայի ծրագիրը բաժանվում է 2 մասի՝ որպես դասերի ընթացքում իրականացվող և որպես ինքնուրույն աշխատանք: Առարկայի թեմատիկ պլանը տվյալ դասարանի համար կազմվում է ծրագրի ժամերին համապատասխան այնպես, որ դասերի ընթացքում յուրացված նյութի հիման վրա սովորողը կատարի հանձնարարված ինքնուրույն աշխատանքը:

15. Դասաբաշխումը և դասացուցակը.

1) Դասաբաշխումը կատարվում է համաձայն գործող կարգի:

2) Մինչև 20 սովորող ունեցող դասարանների դասացուցակը կազմվում է համաձայն գործող կարգի:

3) Սովորողների միաժամանակյա հոսքը կարգավորելու նպատակով դպրոցը կարող է սահմանել երկհերթ ռեժիմ։

4) Սույն ուղեցույցի մաս 2-ի 3-րդ կետի դրույթների համաձայն՝ բաժանված խմբերով դասարանների դեպքում դպրոց հաճախումը կարող է կազմակերպվել 2 այլընտրանքային տարբերակով հետևյալ կերպ.

ա. Տարբերակ 1. Խմբերը հաճախում են դպրոց շաբաթական 3 օր: Դասացուցակը կազմվում է հաջորդական շաբաթներին միմյանց հաջորդող դասերի և ինքնուրույն աշխատանքի օրերի համար (տե՛ս՝ Օրինակ): Ինքնուրույն աշխատանքի օրերի ընթացքում սովորողները կատարում են ուսուցչի կողմից հանձնարարված աշխատանքը:

բ. Տարբերակ 2. Եթե 2 խմբերի բաժանված դասարանում խումբը կազմված է մինչև 20 սովորողից, 1-ին խումբը հաճախում է դպրոց 1-ին հերթով, իսկ 2-րդ խումբը՝ 2-րդ (այս տարբերակը հնարավոր է բավարար ֆինանսական միջոցների առկայության դեպքում):

5) Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում կարող է գործել դասացուցակի կազմակերպման այլ մոտեցում՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները։

6) Յուրաքանչյուր դասարանի համար առարկայական ուսուցիչը ստանում է ուսպլանով նախատեսված ժամերին համապատասխան ժամ ծանրաբեռնվածություն:

7) Դասաբաշխումով ստացած դասարանների համար ուսուցիչները կազմում են առարկայի ծրագրին համապատասխան թեմատիկ պլան:

8) Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում կարող է գործել դասաբաշխման այլ մոտեցում։

9) Մինչև 20 սովորող ունեցող դասարաններում դասերը կազմակերպվում են թեմատիկ պլանով:

10) Եթե դասարանների դպրոց հաճախումն իրականացվում է 8-րդ կետի 20-րդ ենթակետի Տարբերակ 1-ի համաձայն, դասաբաշխումը կատարվում է այնպես, որ ուսումնական նյութի հաղորդումն իրականացնի առարկային այդ դասերի համար ուսումնական պլանով հատկացված ժամերի կեսի չափով ժամաքանակում: Մնացած ժամերը պետք է նախատեսել սովորողների ինքնուրույն աշխատանքի և առաջադրանքների նախապատրաստման համար: Թեմատիկ պլանում նյութի ուսուցման և ինքնուրույն աշխատանքի թեմաները պետք է հաջորդեն միմյանց: Թեմատիկ պլանում ժամերը բաշխելիս անհրաժեշտ է առաջնորդվել Պատկեր 4-ով տրված սկզբունքով.

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե առարկային շաբաթական տրված է 1 ժամ, ապա առարկան դասավանդվում է ամսվա ընթացքում 4 ժամ (եթե ամիսը կազմված է 4 շաբաթից), ընդ որում՝ 4 ժամից 2-ը դասավանդվում է առաջին խմբում, իսկ մյուս 2-ը՝ երկրորդ խմբում: Դասացուցակն անհրաժեշտ է կազմել այնպես, որ դպրոցում անցկացվող դասերը լինեն, օրինակ, ամսվա առաջին և երրորդ շաբաթների, իսկ ինքնուրույն աշխատանքը՝ երկրորդ և չորրորդ շաբաթների ընթացքում:

ՕՐԻՆԱԿ 1. 3-օրյա աշխատանքային ռեժիմի պարագայում դպրոցում ըստ խմբերի դասացուցակ երկրորդ դասարանի համար

Շաբաթական 1 ժամ ունեցող առարկաներ են՝
− Ես և շրջակա աշխարհը
− Կերպարվեստ
− Երաժշտություն

Եթե կիսամյակի ընթացքում առարկային տրված է շաբաթական 1 ժամ, ապա ուսուցիչը թեմատիկ պլանը կազմում է այնպես, որ 6.5 ժամ դասի ընթացքում նյութն ուսուցանի և սովորողների մոտ զարգացնի այն կարողությունները, որոնք ինքնուրույն աշխատանքով հնարավոր չէ զարգացնել: Մյուս 6.5 ժամը թեմատիկ պլանում անհրաժեշտ է հատկացնել ինքնուրույն աշխատանքին, որը սովորողը պետք է կատարի տանը: Ինքնուրույն աշխատանքի առաջադրանքները և դրանց կատարման մասին ցուցումները սովորողը պետք է ստանա դասարանում՝ դասի վերջում: Սովորողը կատարած աշխատանքը ներկայացնում է ուսուցչին՝ հաջորդ դասին դպրոց հաճախելիս:

ՕՐԻՆԱԿ 2. 3-օրյա աշխատանքային ռեժիմի պարագայում դպրոցում ըստ խմբերի դասացուցակ վեցերորդ դասարանի համար

Շաբաթական դասաբաշխումը հետևյալն է՝
1. Մայրենի՝ 6 = 3+3
2. Ռուսաց լեզու՝ 3 = 1.5+1.5
3. Օտար լեզու՝ 2 = 1+1
4. Մաթեմատիկա՝ 5 = 2.5+2.5
5. Բնագիտություն՝ 2 = 1+1
6. Աշխարհագրություն՝ 1 = 0.5+0.5
7. Հայոց պատմություն՝ 1,5 = 0.75+0.75
8. Համաշխարհային պատմություն՝ 1 = 0.5+0.5
9. ՀԵՊ՝ 1 = 0.5+0.5
10. Ինֆորմատիկա՝ 1 = 0.5+0.5
11. Տեխնոլոգիա՝ 1 = 0.5+0.5
12. Երաժշտություն՝ 1 = 0.5+0.5
13. Կերպարվեստ՝ 1 = 0.5+0.5

1-ին խմբի համար դասացուցակը կունենա հետևյալ օրինակելի տեսքը.

16. Դասագրքերի բաշխումը.

1) Դասագրքերի բաշխումը դպրոցներում կազմակերպվում է ս.թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:

2) Դպրոցի տնօրենության կողմից սահմանվում է ըստ դասարանների դասագրքեր ստանալու ժամանակացույցը և ապահովվում պատշաճ իրազեկում, այդ թվում՝ դպրոցի կայքէջում հրապարակման, դասղեկների միջոցով ծնողներին տեղեկացնելու, դպրոցի մուտքի մոտ՝ ծնողներին և սովորողներին հասանելի տեղում փակցնելու միջոցով:

3) Դասագրքերն աշակերտներին հանձնում և հաշվառումը կատարում է գրադարանավարը՝ համաձայն ընդունված կարգի:

4) Դասղեկը դպրոցի բուժքրոջ հետ կազմակերպում է դասագրքեր ստանալու համար դասարանի աշակերտների կամ նրանց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կողմից դասագրքեր ստանալու գործընթացը, այդ թվում՝
− նախապես կատարելով ջերմաչափում,
− ապահովելով սոցիալական հեռավորության պահանջի կատարումը,
− պահանջելով կրել դիմակ և ձեռնոց,
− ապահովելով ձեռքերի ախտահանում:

17. Դասերի կազմակերպումը.

1) Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության:

2) Սույն ուղեցույցի մաս 2-ի 3-րդ կետի դրույթների պահպանմամբ դասերը դպրոցում կազմակերպելիս՝ դասասենյակների թվի անբավարար լինելու դեպքում դրանք կարող են կազմակերպվել այդ նպատակով կահավորված դահլիճներում և միջանցքներում, ինչպես նաև՝ բացօթյա տարածքում՝ նման հնարավորության և բարենպաստ եղանակային պայմանների դեպքում։

3) Դպրոցում դասարանի ուսումնական ողջ գործընթացը կազմակերպվում է նույն դասասենյակում՝ բացառելով կաբինետային ուսուցումը:

4) Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքում դասասենյակը։ Դասասենյակից դուրս գալու դեպքերը կանոնակարգվում են ըստ անհրաժեշտության՝ ուսուցչի հսկողությամբ։

5) Դպրոցում ուսումնական գործընթացի ժամանակ սովորողների միջև հնարավորինս անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ բացառելով կուտակումները և սերտ շփումները:

6) Դպրոցում դասերի ժամանակ սովորողների նստեցումը սեղանների շուրջ հնարավորինս իրականացվում է մեկական՝ խաչաձև, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սեղանի հակադիր ծայրերին։

7) Սովորողները դասին մասնակցում են տեղից:

8) Սովորողներին գրատախտակի մոտ կանչելն արգելվում է:

9) Դասը կազմակերպվում է ֆրոնտալ եղանակով:

10) Արգելվում է խմբային աշխատանքների կազմակերպումն այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն:

11) Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործելը: Դրանք կազմակերպվում են թերթիկների վրա: Գրավոր աշխատանքի ավարտից հետո դրանք ուսուցչի կողմից հավաքվում են դրա համար նախատեսված արկղի մեջ: Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվում է 1 օր հետո: Ստուգված գրավոր աշխատանքներն արգելվում է վերադարձնել սովորողներին: Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել գրավոր աշխատանքների լուսապատճենները:

12) Ֆիզկուլտուրայի դասերը կազմակերպվում են դասասենյակում ըստ ուսուցիչներին տրամադրված մեթոդական ցուցումների կամ բացօթյա տարածքներում և սպորտային մարզասրահներում՝ շեշտը դնելով անհատական վարժությունների վրա և բացառելով շփումներ ու մեծ ակտիվություն ենթադրող մարզանքներն ու խմբային խաղերը:

13) Յուրաքանչյուր առարկայից կիսամյակի ընթացքում կազմակերպվում է 2 թեմատիկ գրավոր աշխատանք: Կիսամյակի վերջում կատարվում է սովորողների գիտելիքների ստուգում կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքի միջոցով:

14) Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյանում: Գնահատականները սովորողները և ծնողները կարող են տեսնել էլեկտրոնային օրագրում:

18. Դպրոցական սննդի կազմակերպումը.
1) Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է:
2) Դպրոցում սննդի կազմակերպման անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպվում են դասասենյակում չոր սննդի տարբերակով։
3) Ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում կարող է գործել սննդի կազմակերպման այլ ռեժիմ՝ խստորեն պահպանելով սննդի կազմակերպման և ախտահանման մասով հակահամաճարակային կանոնները։

ՄԱՍ 4. ԴՊՐՈՑ ՀԱՃԱԽԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐ

19. Կազմակերպված տրանսպորտը /առկայության դեպքում/.

1) Տրանսպորտային միջոցներն ախտահանվում են յուրաքանչյուր օր երեխաներին դպրոց տեղափոխելուց առաջ և հետո։

2) Տրանսպորտային միջոցում չեն կարող գտնվել նստատեղերի քանակից ավել ուղևորներ։

3) Տրանսպորտային միջոցում գտնվող անձինք պարտադիր կրում են դիմակ։

4) Տրանսպորտային միջոցն ապահովվում է մուտքի մոտ ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցով։

5) Նստեցումից առաջ աշակերտները պարտադիր ախտահանում են ձեռքերը։

6) Նախքան նստեցումը աշակերտները հեռավար ջերմաչափվում են ուղեկցող անձի կողմից, և արդյունքները նշվում են գրանցամատյանում՝ համաձայն Ձև 1-ի։

20. Սովորողի համար կանոններ

1) Բացառվում է սովորողի հաճախումը դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝

ա. սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի․
բ. տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ․
գ. տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից:

2) Այն սովորողների համար, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը, ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Հեռավար եղանակով ուսուցումը կազմակերպվում է կենտրոնացված՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20 մայիսի 2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում հեռավար կամ տնային ուսուցումը կարող է կազմակերպվել անմիջապես դպրոցի կողմից:

3) Դպրոցը մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոն է ներկայացնում այն սովորողների տվյալները, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը։

4) Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում և 37 կամ ավելի բարձր ջերմաստիճան ջերմություն ունենալու դեպքում դիմում երեխայի հաշվառման բժշկական կազմակերպություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին:

5) Սովորողը դպրոց է գալիս մեկանգամյա կամ բազմակի օգտագործման դիմակով: Մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ տրամադրում է մեկանգամյա օգտագործման դիմակ:

6) Սովորողին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

7) Սովորողի բացակայության դեպքում դասղեկը այդ մասին տեղյակ է պահում դպրոցի բուժքրոջը կամ տնօրենին, ով իր հերթին տեղեկացնում է տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությանը:

8) Սովորողներն ընդունում են իրավիճակով պայմանավորված փոփոխությունները, նոր պահանջները և պատշաճ կերպով հետևում դրանց:

9) Սովորողներն աջակցում են հիվանդությունը հաղթահարած և դպրոց վերադարձած ընկերներին:

10) Դպրոցում գտնվելու ընթացքում վարակի համախտանիշների առկայության դեպքում սովորողները տեղեկացնում են ուսուցչին կամ ծնողներին:

11) Սովորողները հետևում են համավարակին վերաբերող հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվությանը:

12) Սովորողներն անձնական օգտագործման իրերով, գրենական պիտույքներով՝ չեն կիսվում դասընկերների հետ:

13) Ծնողներն ամրապնդում են երեխաների ձեռք բերած նոր հիգիենիկ վարքագիծը տանը գտնվելու ընթացքում:

14) Ծնողներն իրականացնում են ծնող-ուսուցիչ համակարգված հաղորդակցություն և աջակցում առողջ և ապահով դպրոցի պահպանմանը:

21. Սովորողի մուտքը դպրոց.

1) Դպրոց սովորողների մուտքն անհրաժեշտ է ապահովել այնպես, որ բացառվեն կուտակումները և ապահովվի սոցիալական հեռավորություն: Այդ նպատակով հասանելի պետք է լինեն դպրոցի բոլոր մուտքերը, ինչես նաև՝ դպրոցի բակում կամ օգտագործելի հարող տարածքում իրականացվում է գծանշում՝ ըստ դասարանների։ Եթե դպրոցը ունի մեկ մուտք, պետք է սահմանվի դպրոց հաճախելու առանձնահատուկ գրաֆիկ։

2) Դպրոցի մուտքերի մոտ առանձնացվում է սենյակ կամ տարածք հիվանդ երեխաների մեկուսացումն ապահովելու համար մինչև ծնողի կամ բժշկի ժամանումը: Այդ տարածքները արգելվում է օգտագործել այլ նպատակների և տարանցիկ տեղաշարժի համար:

3) Առանձնացված սենյակներում կամ տարածքներում ապահովվում են առաջնային բուժօգնության դեղարկղիկը, դիմակներ, ձեռնոցներ: Հարբուխով, ջերմությամբ, վատ ինքնազգացողությամբ կամ շնչառական վարակներին բնորոշ աշխատանշաններով սովորողներին, անձնակազմի ներկայացուցիչներին անհրաժեշտ է մեկուսացնել լավ օդափոխվող տարածքներում` առողջ անձանցից ոչ պակաս, քան 2 մետր հեռավորության վրա:

4) Մուտքերը պետք է տարաբաժանվեն ըստ դասարանների՝ ելնելով տվյալ մուտքին առավել մոտ տեղադրված դասասենյակներ մուտք գործելու առաջնահերթությունից կամ, դրա անհնարինության դեպքում, այլ կանոնակարգով՝ բացառելով կուտակումները։

5) Դպրոց մտնելիս կազմակերպվում է սովորողների ջերմաչափում և ձեռքերի ախտահանում:

6) Մեծ թվով սովորողների դեպքում, եթե մուտքի մոտ ջերմաչափումը կարող է առաջացնել կուտակումներ, ջերմաչափումը կարող է իրականացվել դասասենյակներում՝ մինչև դասերի սկիզբը։

7) Դպրոցը վարում է աշակերտների ջերմաչափման մատյան՝ համաձայն Ձև 1-ի:

8) Մատյանում գրանցվում են միայն 37 և ավելի ջերմաստիճան ունեցող սովորողների տվյալները։

9) Բարձր ջերմաստիճան ունեցող սովորողները մեկուսացվում են դրա համար հատկացված սենյակում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, այդ մասին տեղյակ է պահվում ծնողը կամ օրինական ներկայացուցիչը և տարածքը սպասարկող կամ կցագրված բժշկական կազմակերպությունը։

10) Դպրոցի ներսում սովորողների շարժն անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ բացառվեն կուտակումներն ու սերտ շփումները: Հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով՝ իջնեն այնպես, որ միմյանց չհանդիպեն: Դպրոցը պետք է ապահովի տեղաշարժի գծանշումը համապատասխան տարածքներում։ Այն դեպքում, երբ նշվածը հնարավոր չէ, դպրոցը նշանակում է հերթապահներ, ովքեր կկարգավորեն սովորողների տեղաշարժը:

22. Ինքամեկուսացում և թեստավորում.

1) Նախքան դպրոցների գործունեության մեկնարկը դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) թեստավորվում է՝ Առողջապահության նախարարության կողմից կազմված ժամանակացույցի և սկզբունքների համաձայն:

2) Ուսումնական տարվա ընթացքում համաճարակաբանական ցուցման դեպքում դպրոցի անձնակազմի անդամները թեստավորվում են ըստ Առողջապահության նախարարության կողմից մշակված մոտեցման:

3) Սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում՝ դադարեցվում է տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով՝ կապ հաստատելով Առողջապահության նախարարության հետ (թեժ գծի հեռախոսահամար՝ 8003):

4) Դպրոցի անձնակազմի և սովորողների ընդհանուր թվի 10 տոկոս և ավելիի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքում ժամանակավորապես դադարեցվում է դպրոցի գործունեությունը: Մնացած բոլոր դեպքերում ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ ելնելով համաճարակաբանական ցուցումից:

5) Մի քանի դասարաններում և/կամ խմբերում դասավանդող ուսուցչի վարակման դեպքում, հաշվի առնելով տարբեր դասարաններում նրա դասավանդման առավելագույն ժամաքանակը, կարող է 14 օրյա ժամկետով դադարեցվել տվյալ դասարան(ներ)ի սովորողների և անձնակազմից այդ ուսուցչի հետ անմիջական շփում ունեցած(ներ)ի հաճախումը դպրոց:

6) Սովորողների ընտանիքներում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի արձանագրման դեպքում ապահովվում է նույն դասարանում/խմբում սովորողների նկատմամբ բժշկական հսկողություն:

ՄԱՍ 5. ԻՐԱԶԵԿՈՒՄ

1) Գործող անվտանգության կանոնների վերաբերյալ դպրոցի տարածքում տեսանելի վայրերում և բոլոր միջանցքներում տեղադրվում կամ փակցվում են պաստառներ և հուշաթերթեր։

2) Հանրային հաղորդակցության միջոցներով կազմակերպվում են հանրակրթության ոլորտի գործունեության պայմանների ու կանոնների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ՝ այդ թվում՝ տեղեկատվական հոլովակների միջոցով։

3) Մինչև ս.թ. օգոստոսի 25-ը ԿԳՄՍՆ-ն ապահովում է սույն ուղեցույցով սահմանված՝ աշխատանքի կազմակերպման բաղադրիչների վերաբերյալ տեսաուղեցույցների տեսագրում և տարածում, որոնք նաև օգտագործվում են 2020-2021 ուսումնական տարուն ընդառաջ կազմակերպվող օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում։

4) Անհրաժեշտության դեպքում դպրոցները կապ են հաստատում՝
− ոլորտի կարգավորումների պարզաբանման հետ կապված՝ ԿԳՄՍ նախարարության թեժ գծի հետ՝ (010) 599 – 600 հեռախոսահամարով,
− անձնակազմի մոտ կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների կասկածի դեպքում՝ Առողջապահության նախարարության թեժ գծին՝ 8003 համարով,
− առաջարկությունների և բողոքների հետ կապված՝ Պարետատան թեժ գծին՝ 8141 համարով (մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը) կամ ԿԳՄՍ նախարարության թեժ գծի հետ՝ (010) 599 – 600 հեռախոսահամարով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել