Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 18-ին որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։
Որոշման 12-րդ հավելվածով սահմանվել են կանոնները՝ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտում գործունեության համար։
Առողջ և անվտանգ աշխատանքային ու ուսումնական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ուսումնական կենտրոնի ղեկավարությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ոչ ֆորմալ և շարունակական կրթություն իրականացնող կազմակերպությունները գործունեություն իրականացնում են՝ պահպանելով ստորև ներկայացված կանոնները:
Սույն հավելվածով սահմանված կանոնները տարածում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի «85.5. Այլ կրթություն» բաժնի «58.59. Այլ կրթություն, չներառված ուրիշ խմբավորումներում» դասի տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ:
1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ.
1) Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և անցանց ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց են կացվում առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ: Ե՛վ փակ, և՛ բացօթյա տարածքներում միջոցառումները և անցանց ժողովներն իրականացվում են՝ պահպանելով մասնակիցների միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
2) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց՝ այդ մասին հավաստիանալով աշխատողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթի հիման վրա, և պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները:
Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. 65 և բարձր տարիքի անձինք,
բ. ընկճված իմունային համակարգ ունեցող անձինք,
գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
3) Ուսումնական կենտրոնն ապահովվում է աշխատակիցների հաշվարկով դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պաշարով, հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով:
4) Անհրաժեշտ է ապահովել ուսումնական գործընթացի իրականացման տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:
5) Անհրաժեշտ է ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ը:
2. Ուսումնական գործընթացի կազմակերպումը.
1) Դասընթացների տեսական մասն իրականացվում է բացառապես հեռավար եղանակով:
2) Գործնական պարապմունքները, խմբային աշխատանքներն ու թեստավորումը կարող են իրականացվել առկա, եթե հեռավար կերպով դրանք անցկացնել հնարավոր չէ:
3) Առկա եղանակով նշված աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է ապահովել՝ ա. 20 քառ. մետր տարածքի հաշվով դասընթացի առավելագույնը 10 մասնակցի միաժամանակյա ներկայություն.
բ. դասասեղանների միջև 1.5 մետր հեռավորություն.
գ. յուրաքանչյուր դասասեղանին 1 մասնակցի խաչաձև նստեցում։
4) Շփումներ ենթադրող լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացումը անհրաժեշտ է կազմակերպել բացօթյա տարածքում առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ 5) Անհրաժեշտ է բացառել առկա եղանակով իրականացվող գործընթացների ժամանակ ընդմիջման և սննդի կազմակերպման ընթացքում կուտակումները և սերտ շփումները:
3. Տարածքի կազմակերպման կանոններ.
1) Ընդհանուր մուտքի մոտ, առաձին սենյակներում, զուգարանների և խոհանոցային հատվածի (առկայության դեպքում) մուտքերի մոտ անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով (առնվազն 70% սպիրտի պարունակությամբ) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:
2) Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:
3) Աշխատասենյակների առկայության դեպքում՝ նույն սենյակում աշխատասեղանների միջև ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն: Հնարավորության դեպքում՝ կիրառել աշխատատեղերը բաժանող միջնորմներ:
4) Աշխատատեղերը կահավորվում են փակվող աղբամաններով՝ առնվազն 2 աշխատողի հաշվով 1 աղբաման հաշվարկով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:
5) Ապահովվում է տարածքի և/կամ առանձին սենյակների բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:
6) Աշխատանքային օրվա սկզբում անհրաժեշտ է ախտահանել ողջ տարածքի դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները, հպման մակերեսները քլորի հիմքով կամ առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
4. Անձնակազմի համար կանոններ.
1) Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական առնվազն երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում՝ համաձայն սույն որոշման հավելված N 23-ի:
2) Անհրաժեշտ է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը աշխատանքի վայր և անհապաղ ահազանգել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:
3) Աշխատողները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի:
4) Ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք: Խոհանոցային հատվածի օգտագործումն իրականացվում է սահմանված հերթով կամ առնվազն երկու մետր հեռավորության պահպանումով:
5. Մասնակիցների համար կանոններ.
2) Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով:
3) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների մուտքը գրասենյակի տարածք և անհապաղ ահազանգել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:
4) Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ՝ համաձայն սույն որոշման հավելված N 22-ի։