Եվրախորհրդարանի պատգամավորները չեն ճանաչում Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարվում է Եվրամիությունում անցանկալի անձ՝ persona non grata:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Եվրախորհրդարանի անդամ կուսակցությունների տարածած համատեղ հայտարարությանը:
«Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները ոչ ազատ էին, ոչ էլ արդար: Հավաստի աղբյուրները վկայում են Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակի մասին: Հետևաբար, մենք չենք ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի վերընտրված նախագահ և նրան համարում են «persona non grata» Եվրամիությունում: Մենք միանում ենք բելառուս ժողովրդի պահանջին. երկրում նոր և ազատ ընտրություններ անցկացնել անկախ դիտորդների մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
ԵԽ պատգամավորները խստորեն դատապարտում են ձերբակալությունները, խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնություններն ու խոշտանգումները, և կոչ են անում լիարժեք հետաքննություն անցկացնել այդ հանցագործությունների բացահայտման համար՝ ընդգծելով, որ «դրանք անպատիժ չեն կարող մնալ»: