Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորապես մտահոգված է Բելառուսի նախագահական կեղծված ընտրություններով և հետընտրական զարգացումներով, որոնք ուղեկցվում են բռնություններով:
Մենք դատապարտում ենք 2020թ․ օգոստոսի 9-ից իրավապահների կողմից անհամաչափ ուժի կիրառումը, խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանական միջոցների օգտագործումը և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումները:
Նախագահական ընտրություններն անցկացվել են թեկնածուների համար անհավասար պայմաններում: Անցած մի քանի ամիսների ընթացքում Բելառուսի կառավարությունը բոլոր հնարավոր միջոցներով համակարգված ճնշել է ժողովրդավարական ընդդիմությանը:
Ըստ անկախ դիտորդների և բելառուսական քաղաքացիական հասարակության՝ արձանագրվել են ընտրական իրավունքի զանգվածային խախտումներ, այդ թվում՝ ընտրական գործընթացի ժամանակ ընտրատեղամասերում համատարած կեղծիքներ, որոնք հսկայական ազդեցություն են ունեցել ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա:
Բելառուսական ընդդիմության իրականացրած հարցումները (էգզիթ-փոլերը) և ձայների այլընտրանքային հաշվարկը ցույց են տալիս թվերի հսկայական անհամապատասխանություններ: 2020թ․ օգոստոսի 9-ին և 10-ին՝ քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո, Բելառուսի ժողովուրդը հավաքվեց՝ իրացնելու իր՝ խաղաղ հավաքների և խոսքի ազատության իրավունքը:
Մենք համոզված ենք, որ Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում խաղաղ ցույցերի բռնի ցրումը իրավապահ մարմինների կողմից անօրինական էր և անհամաչափ: Մենք անհանգստացած ենք այն տեղեկությամբ, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը ծանր վնասվածքներ են ստացել լուսաձայնային նռնակներից և ռետինե փամփուշտներից, ինչպես նաև բերման են ենթարկվել և ձերբակալվել բազմաթիվ անձինք:
Կցանկանայինք շեշտել, որ ինտերնետի զանգվածային խափանումը լրջորեն խոչընդոտել է անկախ լրատվամիջոցների լուսաբանմանը և խախտել մարդկանց՝ խոսքի ազատության իրավունքը, ներառյալ՝ տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը: Մեր համերաշխությունն ենք հայտնում Բելառուսի քաջ ժողովրդին՝ հանուն արժանապատվության, ժողովրդավարության և ազատության իրենց պայքարում: