Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրված խախտումների դեպքերով պայմանավորված` օգոստոսի 13-ին Տեսչական մարմինը մի շարք տրանսպոտային միջոցների գործունեության ժամանակավոր կասեցման առաջարկություններ էր ներկայացրել ՀՀ պարետին։
Տեսչական մարմնի փոխանցմամբ, արդյունքում՝ օգոստոսի 14-ին, ՀՀ պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող N 8, N 57, N 44, N 42, N 39 համարի երթուղիները սպասարկող թվով 18 տրանսպորտային միջոցի գործունեություն, որոնք պարբերաբար երթևեկել են գերբեռնված։
Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ն շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
Բաղրամյան պողոտայում, Աբովյանի պուրակի հարակից կանգառներում, Ծովակալ Իսակովի պողոտայի ողջ երկայնքով իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր։
Արձանագրված խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։