«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան՝ դպրոցներում․ ԿԳՄՍՆ

«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան ներառված է բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա՝ ԲՏՃՄ (STEM) բնագավառում։

Հանրակրթական դպրոցում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան դասավանդվում է տարրական դպրոցում՝ 2-4-րդ, միջին դպրոցում՝ 5-9-րդ և ավագ դպրոցում՝ 10-12-րդ դասարաններում, որպես առանձին առարկա։

«Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» ծրագրի հիմքում դրված է չորս հիմնական գիտակարգային գաղափար.

Հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը,
Թվային գործիքներն ու համագործակցությունը,
Համակարգչային սարքեր և համակարգեր,
Հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն:
Առարկայի վերջնարդյունքներով աշակերտից ակնկալվում է ցուցադրել իմացական բարդության լայն շրջանակ, ինչպիսին առկա է «Բլումի Վերանայված Տաքսոնոմիայում». այսինքն՝ հիշելու, ըմբռնելու, կիրառելու, վերլուծելու, գնահատելու և ստեղծելու իմացական կարողությունների զարգացում և ամրապնդում:

Առաջարկվող ծրագիրը հիմնված է մանրամասնորեն ընտրված այնպիսի բովանդակային չափորոշիչների վրա, որոնք հստակ են, կենտրոնացված և մատուցվում են համաձայնեցված հաջորդականությամբ:

Օրինակելի ծրագրերում Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների կոդերը ցույց են տալիս կապը ընդհանուր կարողունակությունների (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), ինչպես նաև, ըստ դպրոցական մակարդակների, շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հետ։

Շատ քիչ քանակով թեմաներ են համընկնում «Ինֆորմատիկա» առարկայի գործող ծրագրի թեմաներին։ Ծրագիրը գլխավորապես տարբերվում է գործողից նոր կառուցվածքով, որն արտացոլում է ժամանակակից կրթական առաջադեմ համակարգերում կիրառվող առարկայի գիտակարգային գաղափարների կառուցվածքը։

Ծրագրի գլխավոր առանձնահատկություններից է որևէ թեմայի շրջանակում կիրառվող ծրագրային ապահովումն ու լուծումների ճկունությունը, ինչը հնարավորություն է տալիս ուսուցչին ընտրել, թե նա որ ծրագրային ապահովմամբ է ցանկանում դասավանդել տվյալ թեման։

Ստորև շարադրված են գիտակարգային առանցքային գաղափարների ընդհանուր հիմնավորումները։

Հաշվողականությունն (Computing) ու հասարակությունը

Համակարգչային տեխնոլոգիաներով աշխատանքը և դրանց ստեղծումն ազդեցություն ունի բոլոր մարդկանց վրա և թողնում է գլոբալ հետևանքներ այնպիսի ոլորտների վրա ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, օգնող-օժանդակող տեխնոլոգիաները, սոցիալական ցանցերը, և վերջապես տնտեսությունն ամբողջությամբ: Հաշվողականությունն առանցքային բաղադրիչ է բազմաթիվ մասնագիտությունների համար, իսկ թվային մեդիայի բովանդակությունն ազդում է բոլոր քաղաքացիների և հասարակության վրա ընդհանրապես: Անձնական գաղտնիության, էթիկայի, անվտանգության և հեղինակային իրավունքի պահպանման սկզբունքները ներգործություն ունեն թվային ապահովության և անվտանգության վրա, ինչպես նաև ազդում են միջանձնային և հասարակությունների միջև փոխհարաբերությունների վրա:

Թվային գործիքներն ու համագործակցությունը

Թվային գործիքները համակարգչային ծրագրային լուծումներ են, որոնք թվային ֆորմատով արտադրում, բանեցնում կամ պահպանում են տվյալներ (օրինակ՝ տեքստերի, նկարների, տեսանյութերի երաժշտության խմբագրիչներ, սիմուլյատորներ, hամակարգչային դիզայնի կամ հրատարակչական ծրագրեր): Թվային գործիքները կարևոր են հետազոտություն իրականացնելու, հաղորդակցվելու, համագործակցելու և սոցիալական, աշխատանքային կամ անձնական միջավայրեր ստեղծելու համար: Թվային գործիքների արդյունավետ օգտագործումը մեծապես ազդում է աշխատանքում հաջողության հասնելու վրա:

Համակարգչային սարքեր և համակարգեր

Հաշվողական համակարգերը պարունակում են բաղադրիչներ, ինչպիսիք են սարքերը, ծրագրային ապահովումները և ցանցերը, որոնց միջոցով միանում են համայնքներ, սարքեր, մարդիկ և ծառայություններ: Դրանք մարդ-համակարգիչ գործընկերության միջոցով հնարավորություն են տալիս մարդկանց ստեղծել նոր գործիքներ, համագործակցել և սովորել:

Հաշվարկային (Computational) և ալգորիթմիկ մտածողություն

Հաշվարկային կամ ալգորիթմիկ մտածողությունը խնդիր լուծելու գործընթացի տեսակ է, որը մարդուց պահանջում է մտածել նոր ձևով, այն է խնդիր լուծելու կամ լուծում ստեղծելու համար օգտագործել համակարգիչ: Համակարգչային սարքավորումների արագ և ճշգրիտ ծրագրային ապահովում գործարկելու կարողությունն ստեղծում է նոր հնարավորություններ խնդիրներ լուծելու, դրանք մշակելու և ստեղծելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել