Այսուհետև «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» աշխատանքն է լինելու հայտնաբերել ժամկետանց, կասկածելի և մակնշման խնդիրներ ունեցող ապրանքները և հանել իրացման ցանցից` օրենքով սահմանված կարգով: «Սննդամթերքի մասին» օրենքի նոր փոփոխությունները ծառայությանը հնարավորություն է տվել ուժեղացնել պետական վերահսկողությունն այդ ոլորտի իրացման ցանցում` դիտարկման միջոցով:
«Ծառայությանը կից ստեղծվել է հանրային կոմիտե, որի նպատակն է դիտարկման գործընթացին մասնակից դարձնել այդօրինակ խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և զլմ-երին»,- հայտնեց «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» պետ Աբրամ Բախչագուլյանը: Նրա խոսքով` հ/կ-ների խորհրդով որոշվել է սկսել դիտարկումն իրականացնել մարզերից, քանի որ հ/կ-ների պնդմամբ` մարզերում վիճակն ավելի վատթար է, քան Երևանում: Առաջիկայում հեռավոր մարզերից մեկում մեկ շաբաթվա դիտարկում է սպավում: Դիտարկման արդյունքում հանելու են ժամկետանց սնունդը իրացման ցանցից` տեղում ոչնչացնելով, իսկ թերի մակնշված և կասկածելի ապրանքների նկատմամբ լաբորատոր փորձաքննություն է իրականացվելու` միայն մակնշման առկայության և պիտանելիության դեպքում իրավունք կա վերադարձնելու իրացման ցանց:
Հանձնաժողովի կողմից ընտրվել են այն լաբորատորիաները, որոնք փորձաքննություն են իրականացնելու ներմուծված սննդամթերքի նկատմամբ` համապատասխան միջազգային չափորոշիչներին:
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» պետի հավաստիացմամբ` լաբորատորիաներին զգուշացավել է` հնարավոր է նույն ապրանքի նմուշից ուղարկվի ոչ թե մեկ, այլ երկու լաբորատորիաների փորձաքննությանը, որպեսզի կարողանան վերահսկողություն իրականացնել լաբորատոր փորձաքննությունների և տրված արձանագրությունների նկատմամբ:
Ոչ միայն Հասատանում, այլև ամբողջ աշխարհում մսամթերքը, կաթնամթերքը, մանկական սնունդը ռիսկային բարձր խմբում են գտնվում: Անցյալ տարվանից Հայաստանում գործում են լաբորատորիաներ, որոնք փորձաքննություն են իրականացնում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների նկատմամբ:
Աբրամ Բախչագուլյան խոսքով` սննդամթերքի ներմուծման փուլում ևս փոխվել է պետական վերահսկողությունը: Ըստ որի` ավելի խիստ վերահսկողություն է սահանվել լաբորատորիաների նկատմամբ:
Ասուլիսի վերջում «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» պետը նշեց, որ խնդիրներ միշտ էլ լինում են, բայց վաղն ավելի լավ է լինելու սննդամթերքի անվտանգության ապահովման վիճակը, քան այսօր է:
Նունե Հովսեփյան