Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել ու նշել, որ այս տարին անտանելի բարդ է եղել իր համար ու անհասկանալի կերպով փոխել է մարդկանց կյանքը:
«Այն, համենայն դեպս, արդեն իսկ փոխել է իմը: Արիանային կորցնելը ամենավատ բանն էր, որ ես երբեւէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելը ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս: Ես գիտեմ, որ Արին միշտ ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ ու մարդկանց առջեւ բաց, քանի որ հենց այդպիսին եմ:
Այս նամակում ես ուզում եմ անկեղծանալ իմ կյանում վերջերս կատարվող դեպքերի մասին ու խոստանալ շարունակել լինել հետագայում:
Ուզում եմ կիսել ձեզ հետ՝ այժմ իմ կյանքում ունեմ մեկին, որը ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել:
Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով ու զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբեւէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով:
Ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ հասկացել եմ այն, որ եթե իմ առողջությունն ու կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչեւ կյանքիս մայրամուտը: Հավատում եմ, որ ամենքս կյանք ենք գալիս մի առաքելության համար: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը:
5 տարեկանիս լուսանկարում կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս, սակայն ես սովորեցի շախմատ խաղալ միայն 9-ում: Ես սիրում եմ շախմատային աշխարհը եւ ուրախ եմ, որ իմ գործընկերներից շատերը խելացի ու հոգատար մարդիկ են: Հավատում եմ, որ եկել եմ այս աշխարհ `շախմատիստ լինելու, իմ սկզբունքներին նվիրված եւ հավատարիմ լինելու համար:
Համոզված եմ, որ Արին նույնպես կաջակցեր իմ կյանքը ընդմիշտ շախմատին նվիրելու որոշումը: Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, եւ ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ունեցել նրան կորցնելուց հետո: Գիտեմ նաեւ, որ հրեշտակներն ինձ ուղարկել են սիրելու եւ սիրվելու եւս մեկ հնարավորություն:
Ես հարգում ու հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ շարունակեի ապրել ու երջանիկ լինել կյանքում: Հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին եւ ընկերներիս բոլոր դժվարին պահերին կողքիս լինելու համար:
Սիրելիներս, նամակիս հիմնական նպատակը Ձեզ տեղեկացնելն էր, որ երջանիկ եմ, առողջ ու շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով:
Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր եւ առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարեւոր ոչինչ»: