Պարտադիր առարկաներ են սահմանվել «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաները․ Հանրակրթության պետական չափորոշիչների մասին

Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների նախագծերով առաջարկվող հիմնական փոփոխություններն այսօր քննարկվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկվող արմատական փոփոխություններն ուղղված են նրան, թե ապագայում ինչ քաղաքացի ենք ցանկանում ունենալ, ինչպես նաև հանրակրթության ոլորտում կարողությունների զարգացմանը: Նոր չափորոշիչներով մեծ ուշադրություն կդարձվի բովանդակությանը: Զեկուցվել է, որ նախագծերով նախատեսվում է իրականացնել ավագ դպրոցի արմատական բարեփոխում, ներդնել մոդուլային ուսուցում, կրեդիտային համակարգ, գյուղական համայնքներում ապահովել կրթության նույն հնարավորությունները, կիրառել ցանցային դպրոցի մոդել, պետական դպրոցների ֆինանսավորումն իրականացնել առավելագույն ժամաքանակով:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հիմնական առարկայական փոփոխությունները, որոնցով պարտադիր առարկաներ են սահմանվել «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա» և «Օտար լեզու» առարկաները:

Մշակվել է փոփոխությունների իրականացման ճանապարհային քարտեզը, դրանք քննարկվել են նաև հանրապետության 1500-ից ավելի ուսուցիչների հետ, որոնք ևս հանդես են եկել առաջարկներով: Միաժամանակ, զեկուցվել է, որ դասագրքերի փոփոխությունների իրականացման ուղղությամբ քննարկումները կմեկնարկեն 2021-ին և 2022-ից կներդրվի ամբողջական համակարգը։

Վարչապետ Ն. Փաշինյանը հանձնարարել է նախագծերը լրամշակել հանրային քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա: «Հանրակրթության որակի բարձրացումն այն ամբողջությունն է, ինչը համապատասխանում է մեր տնտեսական, քաղաքական և ռազմավարական պատկերացումներին»,- նշել է նա՝ կարևորելով նաև հանրակրթության ոլորտում փոփոխությունների իրականացումը մինչ այժմ կառավարության ընդունած ռազմավարություններին համահունչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել